Տեսադաս՝ Հայաստանի և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Նոյեմբերի 11, 2016
Նորություններ

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը, տեղերում աշխատել են գյուղական դպրոցների ուսուցիչները, թեման վերաբերել է ՄԱԿ-կ կողմից հռչակված 17 առաջնահերթություններին և կրել է «Մոլորակի ամենամեծ դասը» անվանումը: Դասն անցկացվել է խմբային առաջադրանքների և քննարկումների մեթոդով. դասարաններից յուրաքանչյուրը տեսակապով ներկայացրել է առաջադրված հարցերի վերաբերյալ սեփական մոտեցումները, որից հետո թեման ամփոփվել է քննարկմամբ: Տեսադասի տեխնիկական մասն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): Տեսադասին փորձի փոխանակման նպատակով հրավիրվել է նաև Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին: Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի գնահատմամբ՝ տեսադասերն աշակերտների շրջանում ոգևորությամբ են ընդունվում, ինքը իբրև տնօրեն կարողանում է իր աշխատասենյակից հետևել բոլոր դասերին. «Մենք հանրապետության մի քանի դպրոցների նույն դասարանի աշակերտներին դարձրել ենք քննարկող խումբ, ովքեր իրար տեսնում են՝ միաժամանակ նախապատրաստվելով առաջադրված հարցերի պատասխաններին: Դասավանդման այս եղանակը հետագայում կարող է կազմակերպվել նաև դպրոցի ներսում: Սա շատ արդյունավետ մեթոդ է նաև մասնագետ-ուսուցիչների համար՝ փորձի փոխանակման առումով: Օրինակ, եթե մաթեմատիկայի փորձառու մասնագետները ներկայացնեն խնդիրների լուծման իրենց կողմից կիրառվող եղանակները»,- նշել է Ա. Թորոսյանը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամեն շաբաթ մարզային փոքր դպրոցների հետ հեռահաղորդակցային կապ է ապահովվում մարզային դպրոցների հետ. «Նախորդ շաբաթների ընթացքում կազմակերպված դասերը կոնկրետ առարկայի ծրագրային որոշակի նյութեր են եղել: Այս անգամ մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով և ընտրեցինք խմբային քննարկման ձևաչափը, որպեսզի դասն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի չստացվի որ Երևանից որևէ ուսուցիչ գրատախտակի մոտ ինչ-որ դաս է ներկայացնում, իսկ մյուսները պասիվ վիճակում լսում են: Մենք կարծում ենք, որ տեսադասերի ժամանակ բարձր մասնակցության ապահովումը պետք է խրախուսելի լինի»,- նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ինտերնետային կապով ապահովված են ՀՀ բոլոր դպրոցները, սակայն տեսադասերի ապահովման համար որոշ թվով դպրոցներ պետք է նաև տեխնիկական սարքավորումներ ունենան: 

Առաջիկայում նախատեսվում է քննարկում կազմակերպել տեսադասերի արդյունավետության, թեմաների, ձևաչափերի և մեթոդների ընտրության վերաբերյալ: Առաջիկա տեսադասը կկազմակերպվի Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և ԵՊՀ Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցների օլիմպիական խմբակների հետ՝ քննարկելու օլիմպիական որևէ խնդրի լուծում:

 

Նյութի աղբյուրը. «Հայկական կրթական միջավայր» պորտալ