Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և վերապատրաստումների բաժին

ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների (ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման) բաժինը հիմնականում իրականացնում է հետևյալ աշխատանքները.

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում ստեղծվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը, որը շահագործվում է 2007 թ. դեկտեմբերից։ Այն խոշոր կրթական տեղեկատվական միջավայր է. Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթում ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող, ներկայացվել և մասնակցել է միջազգային մրցույթի: Այժմ այն վերանվանվել է և «Հայկական կրթական միջավայր» պորտալը ներկայանում է նոր տեսքով և արդիականացված ծրագրային ապահովմամբ: Պարբերաբար թարմացվում և հարստացվում են պորտալի տեղեկատվական նյութերն ու կրթական պաշարները, միասնական կրթական-տեղեկատվական միջավայրում կազմակերպվում են առցանց տարբեր միջոցառումներ: 

«Հայկական կրթական միջավայր» պորտալի շահագործմանը զուգահեռ ստեղծվել և ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվում են նաև պորտալի ենթակայքերը.

  • «Հայկական կրթական միջավայր» ֆորումը. հանրային քննարկման են ներկայացվում կրթական փաստաթղթերի, ուսումնական առարկաների չափորոշիչների ու ծրագրերի նախագծեր, մրցույթներով անցած, դպրոցներում փորձարկվող դասագրքեր և ուսուցչի ձեռնարկներ, կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվություններ և ոլորտի հիմնահարցերին վերաբերվող քննարկումներ:
  • «Պաշարների շտեմարան» կայքը, ըստ դասակարգված բաժինների տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային պաշարներ, այդ թվում տարբեր ուսումնական տարիների գործող և փորձարկվող դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, ազգային փոքրամասնությունների (քրդերեն, եզդիերեն) դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, դպրոցական առարկայական և այլ օլիմպիադաների նյութերը, «Կրթություն» շաբաթաթերթի հրապարակված համարները և այլն:
  • «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», պարունակում է 7-12-րդ դասարանների չորս ուսումնական առարկաների՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրություններ, տեսական  նյութեր, որոնք հասանելի են և՛ առցանց, և՛ բեռնելու հնարավորությամբ։
  • Եվրոպական միության eTwinning Plus ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող կայքը:
  • «Դպրոցական կայքեր» միջավայրում ուսումնական հաստատություններին տրամադրվում են ենթադոմեններ, կայքի հայալեզու կաղապար և մուտքի հնարավորություն, ցուցաբերվում է խորհրդատվություն` դպրոցների կայքերը ստեղծելու և շահագործելու նպատակով:

Ստեղծվել և շահագործվում են նաև

«Հեռավար ուսուցում» համակարգերը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից են, ստեղծվել են  Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա․ earning.armedu.am՝ 2011 թ. հունվարից, elearning.armedu.am՝ 2017 թ. նոյեմբերից, https://dlc.armedu.am/՝ 2020 թ․ մարտից:

Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։

Հեռավար ուսուցման հնարավորություններին, Moodle համակարգին և հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին ծանոթանալու, փորձնական նախագծեր իրականացնելու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով ԿՏԱԿ-ը տարբեր առարկաների ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ: Դասընթացներին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչները ստանում են ԿՏԱԿ-ի հավաստագրեր: Որպես հաջողված արդյունք՝ հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններին տիրապետող ուսուցիչները, ԿՏԱԿ-ի  մասնագետների աջակցությամբ, իրենց գործընկերների և աշակերտների խմբերի համար վարում են առարկայական հեռավար դասընթացներ: 

Կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում իրականացվում են և համակարգվում տարբեր ծրագրեր: Մասնավորապես.

  • Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության «Իթվինինգ պլյուս Հայաստան» (eTwinning plus) ծրագիր. 2013 թ․ Հայաստանը միացավ Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին և որպես աջակցող գործակալություն ընտրվեց ԿՏԱԿ-ը։ 
  • ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning, PiL) փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներ (արտոնագրերի տրամադրման գործընթաց, նորարար ուսուցիչների ֆորում, Geeks on Wheels, Office 365):

Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի գործունեության մասին

Բաժնի պետ
Մանուշակ Ավետիսյան
manush@ktak.am

հեռ․՝ 578453 (730)