eTwinning եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք

eTwinning-ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին օգտակար է և նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը։

Հայաստանի դպրոցների պրակտիկ մասնակցությունը Իթվինինգին սկսվել է 2013 թվականի սկզբից, շուրջ 2.5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո:

2013 թ. հունվարին ԿՏԱԿ-ում ստեղծվեց Իթվինինգ Պլյուս ծրագրի հայաստանյան Աջակցող Գործընկեր Գործակալությունը (ԱԳԳ)։

Ստեղծվել և գործարկվում են ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am  կայքը և https://www.facebook.com/eTwinningArmenia/ ֆեյսբուքյան էջը։

Որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո (ԱԳԳ անդամների գրանցում, դպրոցների ընտրություն, գրանցում և այլն) 2013 թվականի մարտին Հայաստանի 7 մարզերից և Երևանից 22 դպրոցներ պաշտոնապես միացան Իթվինինգ Պլյուս ծրագրին։

Ներկայումս Իթվինինգին մասնակցում են ավելի քան 230 դպրոցներ և 1100 ուսուցիչներ, որոնք ներգրավվել են առնվազն մեկ իթվինինգ նախագծում, իսկ նրանց մեծ մասը ներկայումս էլ մասնակցում է ակտիվ նախագծերի, որոնք ներառում են տարբեր հանրակրթական առարկաներ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որը հանդիսանում է Իթվինինգ Հայաստան ծրագրի աջակցող գործընկեր գործակալությունը, պարբերաբար կազմակերպում է վերապատրաստումներ ինչպես առցանց, այնպես էլ տեղերում այցելություններ կատարելով։ Վերապատրաստումներն իրականացվում են փուլային, նոր դպրոցների և ուսուցիչների ներգրավվմանը զուգահեռ։

2014-2017 թթ․ Հայաստանում կազմակերպվել են 4 միջազգային հանդիպումներ, որոնց մասնակցել են Եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Սեմինարների ընթացքում մասնակիցները բարելավվում են իրենց  գիտելիքները Իթվինինգ ծրագրի, և դրա գործիքների մասին, կիսվում են փորձով ու առաջացած խնդիրների լուծման ուղիներով, սովորում են նոր և կրեատիվ ուսուցման մեթոդներ: Հնարավորություն են ձեռք բերում ունենալ նոր ծանոթություններ և իրականացնել համատեղ նախագծեր: Արտասահմանցի մասնակիցները ծանոթանում են նաև Հայաստանի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև զարգացնում են իրենց մասնագիտական և լեզվական հմտությունները:

2013-2017 թթ․ հայաստանցի ավելի քան 40 ուսուցիչներ մասնակցել են միջազգային ամենատարբեր սեմինարների ու վերապատրաստումների, ելույթներով ու առաջարկներով հանդես են եկել կոնֆերանսներին ։

2017 թ․ սկսվեց նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագիրը, որը նախատեսում է համագործակցություն Հայաստանի դպրոցների միջև հայերեն լեզվով: Ազգային պրոյեկտների իրականացումը դիտարկվում է հնարավորություն օտար լեզվի իմացության բավարար մակարդակ չունեցող ուսուցիչների համար: Ինչպես նաև հնարավորություն է տալիս սկզբնական շրջանում ծանոթանալ գործիքակազմի հետ, համագործակցություն իրականացնել երկրի ներսում, հետագայում դուրս գալ միջազգային ասպարեզ:

Նախատեսվում է էլ ավելի ընդարձակել Իթվինինգի շրջանակները և այն աստիճանաբար հասանլեի դարձնել բոլոր դպրոցների և ուսուցիչների համար։

«eTwinningPlus Armenia» կայքը՝ http://etwinningplus.armedu.am  
Ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/eTwinningArmenia/

Արտակ Պողոսյան
Ծրագրի ղեկավար
apoghosyan@ktak.am

Տաթևիկ Յափունջյան
Ծրագրի համակարգող
tatevik@ktak.am