Այսօր, հունվարի 27-ին, Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգի 2015թ. արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, բուհական համակարգի ներկայացուցիչներ:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ․ սկսվել և շարունակվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որը նպաստելու է հաստատությունների մրցակցության խթանմանն ու շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:
2013թ. մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ ԲՈՒՀ-ում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը։ Մշակված հարցաթերթերի հիման վրա հավաքագրվել է ողջ պահանջվող տեղեկատվությունը, իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ բուհերի դասախոսների, շրջանավարտների և գործատուների շրջանակներում։
Հաշվի առնելով այն, որ մեր երկրում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում՝ բուհերի վարկանշավորման համակարգը նույնպես ենթակա է անընդհատ փոփոխության և կատարելագործման: 2013 և 2014 թվականների փորձնական վարկանիշավորման արդյունքում ճշգրտման են ենթարկվել ԲՈՒՀ-երի վարկանիշավորման ազգային համակարգի ցուցանիշները, դրանց կշիռներն ու հաշվարկի միավորային համակարգերը:
Այս տարի իրականացվել է նաև ՀՀ ԲՈՒՀ-երի մեկ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորում։
Պատրաստի արդյունքները ներկայացնելու և հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար ստեղծվել և գործում են «Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգ» http://ranking.armedu.am/ և «Բուհերի միասնական ցանկով վարկանիշավորման ազգային համակարգ» http://rank.armedu.am/ ինտերնետային կայքերը, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ բուհերի վարկանիշավորումների իրենց նախընտրած սանդղակները: