Այս տարի լրանում է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի հիմնադրման 50-ամյակը, որի բացման ժապավենը կտրել և առաջին դասն ավանդել է կերպարվեստի մեծ վարպետ Մ. Սարյանը: Այստեղ ուսանողները մասնագիտանում են ոսկերչության, փայտի և քարի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, դերձակ-մոդելավորման մասնագիտությունների մեջ և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ և վարպետության դասեր՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները:
Նոյեմբերի 1-ին Նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել է երկօրյա հոբելյանական ցուցադրություն և ներկայացվել տարբեր տարիների գործունեության ընթացքում ստեղծված աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվել են ուսումնական հաստատությանն աջակից կազմակերպություններն ու գործընկերները:
Ուսումնարանին աջակցելու համար շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: