Հայաստանի կրթական ցանցի կառավարման և ծրագրային ապահովման բաժին

Հայաստանի կրթական ցանցի կառավարման և ծրագրային ապահովման բաժինն  իրականացնում է հետևյալ աշխատանքները.

  • Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) սպասարկում։
  • Կրթական համակարգում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման գործընթացի կազմակերպում:

Հայաստանի կրթական ցանցը ներկայումս ընդգրկում է երկրի բոլոր մարզերում տեղաբաշխված 1420 ուսումնական հաստատություններ։ Այն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է։ ՀԿՑ-ն կրթական տեղեկատվական միջավայր է, որն ապահովում է ինչպես ուսումնական հաստատությունների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին ուսումնական հաստատությունների միջև տեղեկատվության հուսալի փոխանակում, պարունակում է պաշտոնական, ուսումնամեթոդական և տեղեկատվական հսկայական նյութեր: Ցանցի շնորհիվ դպրոցներին հասանելի են նաև համացանցային կրթական և տեղեկատվական պաշարները:

ՀԿՑ-ի առաջին մասը՝ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում (324 դպրոց) ստեղծվել է 2003-2007 թթ. «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած ֆինանսական միջոցներով (2005-2007 թթ. աշխատանքները համաֆինանսավորել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը)։ 2007 թ. հուլիսից ՀԴՓԾ-ն փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ աշխատանքների շարունակականությունն ապահովելու պայմանով։ Վերանվանվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ)։ ՀԴԻՑ կենտրոնական հանգույցը տեղակայվել է Կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ԿՏԱԿ)։ ՀԴԻՑ-ի կառավարումն ու սպասարկումը 2007 թ. հուլիսից իրականացրել է ԿՏԱԿ-ը՝ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով։

ՀԴԻՑ-ի երկրորդ մասը (320 դպրոց) ստեղծվել է 2008 թ. ընթացքում՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ի պատվերով։ Ծրագրի իրականացման շնորհիվ ոչ միայն ավելացել է ՀԴԻՑ-ում ընդգրկված դպրոցների քանակը, այլև ստեղծվել է նոր ենթակառուցվածք, հզորացվել է կենտրոնական հանգույցը։

ՀԴԻՑ-ի երրորդ մասը (300 դպրոց) կառուցվել է 2010 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով. նոր մարզային հանգույցներ չեն ստեղծվել, օգտագործվել է գոյություն ունեցող ենթակառուցվածքը, հզորացվել են որոշ մարզային հանգույցներ։

2010 թ. վերջին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել է մրցույթ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում 459 դպրոց ՀԴԻՑ-ին միացնելու աշխատանքների կատարման համար։ Ստեղծվել են շուրջ 200 նոր մարզային հանգույցներ և 2012 թ. վերջին նոր ենթակառուցվածքը հանձնվել է ԿՏԱԿ-ին։ ՀԴԻՑ-ում ընդգրկվել են Հայաստանի գրեթե բոլոր դպրոցները։

2013 թվականի հունվարից ՀԴԻՑ-ը վերանվանվել է Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ)։ Այսօր ՀԿՑ-ի աշխարհագրությունն ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է։ ՀԿՑ-ն մի յուրահատուկ վիրտուալ տարածք է, որն աշխատունակ է նույնիսկ արտաքին ինտերնետային կապուղիների բացակայության պայմաններում։ ՀԿՑ-ի լայն աշխարհագրությունն է պատճառը, որ թեև անցած տարիների ընթացքում մրցույթում հաղթել և սպասարկումն իրականացրել են երկու տարբեր կազմակերպություններ՝ «Հարմոնիա» հիմնադրամ և «Յուքոմ» ՍՊԸ-ն սակայն նրանցից ոչ մեկն ի զորու չի եղել սպասարկումն իրականացնել միայնակ՝ առանց այլ կազմակերպությունների հետ համագործակցելու։ Այսօր ոչ մի ինտերնետ մատակարար չունի հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։ ՀԿՑ կապի հանգույցները սպասարկելու համար միշտ էլ սպասարկող կազմակերպությունը վարձել է կապուղիներ Արմինկո, ՎԵԲ, Արմենտել, ՋիԷնՍի, ԷյԴիՍի, Յուքոմ ընկերություններից։ ՀԿՑ կենտրոնական հանգույցը այն բացառիկ վայրերից է, որտեղ չնայած միմյանց միջև առկա մեծ մրցակցության, հատվում են հինգ առաջատար մատակարարների օպտիկամանրաթելային կապուղիները։ 2013 թվականից ցանցը սպասարկող կազմակերպությունն իր նախաձեռնությամբ, իսկ այնուհետև նաև որպես պարտադիր պայման, որպես պահուստային կապի միջոց, ՀԿՑ բոլոր ուսումնական հաստատություններին բաժանել է 3G մոդեմներ։ Դրա շնորհիվ նույնիսկ այն դեպքում, երբ խափանվեն կապի հանգույցները և եղանակային պայմանները թույլ չտան փոխարինել սարքավորումները, ուսումնական հաստատութ­յուն­ները չեն զրկվում կապից։ Ընդ որում պահուստային կապի միջոցներն էլ ուսումնական հաստատությունների ելքը դեպի ինտերնետ իրականացնում են ՀԿՑ կենտրոնական հանգույցի սերվերներով։ 2013 թ. հաջորդ փոփոխությունը վերաբերվում է Երևանի ուսումնական հաստատություններին։ Այդ ուսումնական հաստատությունները ՀԿՑ կենտրոնական հանգույցին միացվել են օպտիկամանրաթելային մալուխով։ Դրա շնորհիվ Երևանի ուսումնական հաստատությունները առնվազն 8 Մբ/վ արագությամբ կապուղով միացվել են կենտրոնական հանգույցին։ Վայոց ձորի մարզում «Մեկ աշակերտ – մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի իրականացման արդյունքում վերազինվել է մարզի ուսումնական հաստատությունների ենթացանցը և բոլոր դպրոցներում ապահովվել է անլար կապի ծածկույթ: Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատությունները կապված են ՀԿՑ կենտրոնական հանգույցին 5 Մբ/վրկ թողունակությամբ կապուղով:

Կրթական համակարգում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման գործընթացի կազմակերպման շրջանակներում Կրթական հաստատություններում «Մայքրոսոֆթ» ընկերության արտոնագրված ծրագրային համակարգեր օգտագործելու նպատակով ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված պայմանագրով ձեռք բերված Windows և Office ծրագրային համակարգերի 18000 արտոնագրերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությունը ԿՏԱԿ-ը տրամադրում ՀՀ կրթական ուսումնական հաստատություններին:

Տնօրենի տեղակալ, բաժնի պետ 
Արմեն Կուլախսզյան 
armen@ktak.am

հեռ․՝ 578453 (911)