2017թ. իրականացված և այս տարի նախատեսվող հիմնական աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ ասուլիսին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ կրթության և գիտության ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրության և ողջ տարվա ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցության համար: «Մամուլի հրապարակումները, «Թեժ գիծը», հասարակական կազմակերպությունների կողմից անընդհատ բարձրացված հարցադրումներն օգնում են նախարարության աշխատանքն ավելի կանոնակարգված իրականացնել»,-ընդգծել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ռազմավարական նշանակության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Ասուլիսի մասին նյութն ամբողջությամբ տեղադրված է ԿԳՆ կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում: Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես.
Անդրադարձ է եղել հեռավար կրթության կազմակերպմանը. մասնավորապես, գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում հեռահաղորդակցային կապի միջոցով 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության ընտրած մենթոր դպրոցները նախատեսվող ծրագրի պիլոտային փուլով գործընկեր դպրոցների մասնակցությամբ բնագիտական առարկաներից հեռավար դասեր են իրականացրել 7-12-րդ դասարաններում: Պիլոտային փուլին մասնակցել են 13 մենթոր և 42 գործընկեր դպրոց, որոնցից 8-ը՝ սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող համայնքների ուսհաստատություններ: Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ներգրավված են եղել 55 դպրոց, շուրջ 6700 աշակերտ, 70 ուսուցիչ: «Եվրոպական Իթվինինգ» և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրերին 2017թվականի դրությամբ մասնակցել է 233 դպրոցի 1092 ուսուցիչ: Նշված ժամանակահատվածում, հայաստանցի ուսուցիչների մասնակցությամբ, իրականացվել է 53 միջազգային նախագիծ, որոնց մասնակցել է Հայաստանի առնվազն 1 ներկայացուցիչ: ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպել է 6 հեռավար դասընթաց, իսկ հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպել է 55 հեռավար դասընթաց:
Նյութի աղբյուրը. Հայկական կրթական միջավայր