Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է ունեցել 2017թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը շնորհավորել է ծրագրի բոլոր մասնակիցներին Դպրոցների համագործակցության միջազգային վիրտուալ համայնքում ինտեգրվելու համար. «Այս ծրագրի նկատմամբ դպրոցների հետաքրքրությունը տարեցտարի բարձրանում է, իսկ դա վկայում է, որ մենք, ի դեմս Իթվինինգի, ունենք միջազգային համագործակցության շատ լավ օրինակ»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:
ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը բարձր է գնահատել նախաձեռնողական մոտեցումը կրթության ոլորտում, որի դրական օրինակներից մեկն էլ Իթվինինգ ծրագիրն է. «Ծրագիրը լայն հնարավորություն է տալիս ուսուցիչներին և աշակերտներին՝ դառնալ կրթական նախագծերի անդամ և ինքադրսևորվել միջազգային հարթակներում՝ ժամանակի պահանջներին համընթաց»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի համակարգումն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին օգտակար է և նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
«Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգին սկսվել է 2013թ.-ից: Եթե մինչև 2017թ.-ը Իթվինինգի ծրագրերը իրականացվում էին եվրոպական լեզուներով, ապա 2017թվականից հնարավորություն տրվեց իրականացնել համագործակցային նախագծեր նաև հայերենով, որի արդյունքում սկիզբ դրվեց նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրին: Այս ծրագիրը թույլ է տալիս օտար լեզվի բավարար հմտություններ չունեցող ուսուցիչներին իրականացնել իրենց նախագծերը Հայաստանի դպրոցների հետ: Մենք այնուամենայնիվ խրախուսում ենք օտար լեզվով ծրագրերի իրականցումը, որովհետև բացառապես հայալեզու ծրագրերը մեկուսացնում են դպրոցին, քանի որ համագործակցությունը լինում է միայն ՀՀ դպրոցների միջև»,- նշել է Արտակ Պողոսյանը և հույս հայտնել, որ 2018 թվականին Իթվինինգի ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կհասնի մինչև 800-ի: Ներկայումս ծրագրին մասնակցում են 233 դպրոցներ և 1100 ուսուցիչներ:
Ստեղծվել և գործարկվում են ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am կայքը և https://www.facebook.com/eTwinningArmenia/ ֆեյսբուքյան էջը։ Դպրոցների մասնակցությունը ծրագրին կատարվում է նշված կայքում էլեկտրոնային հայտի միջոցով:
Ծրագրին մասնակից ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ ինչպես առցանց, այնպես էլ տեղերում այցելություններ կատարելով։