Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային համակարգչային կայանը (ՇԻՀԿ) անհրաժեշտ ընթացիկ վերանորոգումից հետո կշարունակի իր աշխատանքը Արցախի Հանրապետությունում:
Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար: ՇԻՀԿ–ը շահագործվում է 2008 թվականից և տասներկուօրյա համակարգչային դասընթացներ է կազմակերպում հեռավոր համայնքների աշակերտների և ուսուցիչների համար:
2014 թվականից, երբ Հայաստանի բոլոր դպրոցներն ընդգրկվել էին Հայաստանի կրթական ցանցում, ՇԻՀԿ-ի գործունեության թիրախ դարձան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դպրոցները: Արցախում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 2014թ.՝ 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, 2016թ.՝ 315 աշակերտ և 226 ուսուցիչ: