«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր:
Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի աշխատակից Մարիետա Դումիկյանը: Ուսուցիչներին շնորհավորել և նրանց հավաստագրեր են հանձնել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
«ՀՀ կառավարության 2017 թվականի ծրագրում կարևոր տեղ է հատկացված հեռավար դասընթացների անցկացմանը՝ հատկապես գյուղական դպրոցների սովորողների գիտելիքների որակի ապահովման հետ կապված: Ուրախալի է վերապատրաստված ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը, որի շնորհիվ 2017 թվականին արդեն պատրաստ կլինենք լուծել շատ խնդիրներ՝ կապված ինչպես այն դպրոցների հետ, որտեղ ունենք համապատասխան ուսուցիչներ, այնպես էլ այն ուսհաստատությունների, որտեղ առկա են ոչ մասնագետ և նոր տեխնոլոգիաների օգտագործման հմտության պակաս ունեցող ուսուցիչներ: Հետևաբար, այս դասընթացները վերջիններիս առավել կխրախուսեն և կոգևորեն»,-նշել է Նարինե Հովհաննիսյանը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզի նորաստեղծ կայքը` map.schoolnet.am: «Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է հանրակրթության ոլորտի հարցերով, կարող է մուտք գործել այս կայք և գտնել իրեն հետաքրքրող ողջ տեղեկատվությունը: Կայքում առկա են ՀՀ բոլոր դպրոցները. հետագայում նպատակ կա ավելացնել նաև Արցախի ուսհաստատությունները: Կայքում բոլոր դպրոցները դասակարգված են ըստ մարզերի, պետական և ոչ պետական դպրոցների, կրթության մակարդակների և նույնիսկ հնարավորություն կա փնտրել կոնկրետ դպրոց: Մուտք գործելով այդ կոնկրետ դպրոց՝ բացվում է դրա փոքր անձնագիրը՝ աշակերտների, ուսուցիչների թիվ, սեռ, վերապատրաստաված ուսուցիչներ և այլն»,-նշել է Արտակ Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ հանրակրթության ոլորտի ողջ վիճակագրությունը՝ ըստ մարզերի, գյուղական և քաղաքային համայնքների, տեղադրված է stat.armedu.am կայքում: «Մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել մի քանի այլ ծրագրեր՝ ուղղված ՏՀՏ կիրառմանը դպրոցներում: Մասնավորապես, eTwinning ծրագրի շնորհիվ հանրապետության բոլոր դպրոցներին այս տարվանից հնարավորություն կտրվի օգտվել ԵՄ-ի տրամադրած հսկայական էլեկտրոնային ռեսուրսներից՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և ինտերակտիվ կազմակերպելու համար»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը՝ անդրադառնալով նաև «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացին: «Սա ԿՏԱԿ-ի կազմակերպած թվով 9-րդ վերապատրաստումն է, այս տարի արդեն՝ 4-րդը: Այս տարիների ընթացքում մեր ակտիվ ուսուցիչները պարբերաբար արժանացել են հավաստագրերի: Քանի որ ներկայումս առավել մեծ ուշադրություն է դարձվում հեռավար կրթության կազմակերպմանը, որոշեցինք այս անգամ ավելի հնչեղ դարձնել ուսուցիչների փորձը և նրանց հաջողություները: Առհասարակ, հեռավար դասընթաց վարելու հմտություն պետք է ունենա ցանկացած ուսուցիչ՝ անկախ նրանից՝ որտեղ է աշխատում: Բացի այդ, մենք հնարավորություն ենք տալիս միաժամանակ ստեղծել հեռավար դասընթաց, որը կարող է հետագայում օգտագործել մեկ այլ ուսուցիչ: Այսինքն՝ երկու կարևոր հարց է լուծվում միաժամանակ՝ վերապատրաստում ենք ուսուցիչներ և ստեղծում հայալեզու էլեկտրոնային ռեսուրսներ»,-ընդգծել է Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը (learning.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է և ստեղծվել է 2010 թվականին՝ Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպել է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով (2 դասընթաց՝ 80 մասնակից), իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով (9 դասընթաց՝ 320 մասնակից): Այս դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: «Հեռավար ուսուցում» համակարգում ընդհանուր առմամբ (2011-2016թթ) կազմակերպվել է 136 դասընթաց, գրանցված է 1227 մասնակից:
Նյութի աղբյուրը. «Հայկական կրթական միջավայր» պորտալ