«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՀ դպրոցներում կներդրվի Office 365 կրթական փաթեթը:
«ԿՏԱԿ-ը մշակում է հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգ, որը տարածվելու է ՀՀ բոլոր դպրոցներում: Վերջին մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցում էինք ԿՏԱ-ի հետ: Այդ համագործակցության շրջանակում ծագեց գաղափարը, որ դպրոցներն այս համակարգը կարողանան ինտեգրել «Մայքրոսոֆթ»-ի Office 365 կրթական փաթեթին: Office 365-ի հենքի վրա լուծումը հասանելի կլինի բոլոր աշակերտներին եւ նրանց ծնողներին»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ հիշեցրել է, որ «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը տևական բնույթ է կրում:
«Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգը ցանկանում ենք համակցել Office 365-ին, ինչը բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն կտա ունենալ իրենց օգտահաշիվները և դրա միջոցով ստանալ հնարավորություն՝ օգտագործելու Office 365 լուծումները (էլփոստ, ամպային տարածք, Word, Excel, և այլն): Ուսուցիչներն իրենց օգտահաշիվներով կկարողանան միանգամից ստեղծել համապատասխան «դասարաններ» եւ Classroom Manager ծրագրի միջոցով անընդհատ կապի մեջ լինել աշակերտների հետ, տալ հանձնարարություններ, ստանալ պատասխաններ, ստուգել նրանց աշխատանքները և այլն»,- նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Արտակ Պողոսյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրմանը կհաջորդի ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների՝ ծրագրին ծանոթացնելու գործընթացը:
Նյութի աղբյուրը. itel.am