Գործարկել է eTwinning Armenia ծրագրի պաշտոնական կայքը

Հոկտեմբերի 14, 2026
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է eTwinning Armenia ծրագրի պաշտոնական կայքը։

Կայքում ներկայացված են արդիական տեղեկություններ eTwinning համաեվրոպական դպրոցական ցանցի գործունեության, վերապատրաստումների հնարավորությունների, ազգային և եվրոպական որակի հավաստագրերի, Հայստանում և արտերկրում կազմակերպվող համաժողովների, ծրագրի մասնակից հայաստանյան դպրոցների, ինչպես նաև՝ ծրագրի հետ կապված վերջին նորությունների վերաբերյալ։

Կայքը կօգնի հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ի՞նչ գործիքներ և համագործակցային հնարավորություններ է առաջարկում eTwinning-ը, ինչով է այն տարբերվում մյուս ծրագրերից և այլն։

Հիշեցնենք, որ eTwinning-ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչներն ու սովորողները՝ և՛ անհատապես, և՛ խմբերով, գրանցվում են և օգտվում առցանց գործիքներից՝ վիրտուալ միջավայրում հանդիպելու, գաղափարներ ու փորձ փոխանակելու, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերելու, օտար լեզուների և թվային գրագիտության իմացությունը զարգացնելու, ինչպես նաև համատեղ ուսումնական ծրագրեր իրականացնելու համար։

Հայաստանի դպրոցների մասնակցությունը նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների ու աշակերտների օտար լեզուների իմացության բարձրացմանը, ՏՀՏ և թիմային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ուսուցման նոր ու ստեղծագործական մեթոդների կիրառմանը դասարանում։

Ծրագրի հայաստանյան համակարգմամբ զբաղվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)՝ որպես Իթվինինգ Հայաստան ծրագրի ազգային աջակցող կազմակերպություն, որը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստումներ՝ և՛ առցանց, և՛ դպրոցներում տեղում այցելություններով։

Նշենք, որ այս պահին  eTwinning համաեվրոպական ծրագրին միացել է ավելի, քան 780 հայաստանյան դպրոց և շուրջ 1400 ուսուցիչ։ Ավելի, քան 50 ուսուցիչ մասնակցել է միջազգային սեմինարների, տասնյակ ուսուցիչներ հեղինակել և մասնակցել են միջազգային նախագծերի, միջազգային մրցույթի հաղթողներ ճանաչվել։