Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ճանաչվել է «Ընտանիքամետ գործատու»։ Համապատասխան վկայականը ԿՏԱԿ փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանին է հանձնվել նախորդ տարեվերջին՝ «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ գործող քաղաքականություններն ու ընթացակարգերը հնարավորություն են տալիս աշխատողին սահուն, առանց սթրեսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը։
Կազմակերպությունն ունի շուրջ 80 աշխատակից և ստեղծում է հնարավորություններ իր աշխատակիցների համար աշխատանքն ու ընտանիքը սահուն համատեղելու համար։
Մասնավորապես, կազմակերպությունն ունի գենդերային հավասարությանն ու կանանց կարիերայի առաջընթացի խրախուսուսմանն ուղղված պրակտիկաներ, ճկուն աշխատանքային պայմաններ, աջակցություն երեխայի կամ ընտանիքի այլ անդամի խնամքին, վճարվող արձակուրդներ և ազատ օրեր։
Աշխատակիցները նշել են գրասենյակից ճկուն աշխատանքային ժամերով աշխատելու, հեռավար և հիբրիդային աշխատանքի հնարավորությունների մասին։
Նշվել է նաև, որ գործատուն, ըստ անհրաժեշտության, տրամադրում է կազդուրվելու վճարվող արձակուրդ՝ հղիության ընդհատման կամ առողջական այլ խնդիրների դեպքում, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու արձակուրդ և արձակուրդային օր՝ ընտանեկան տոներին մասնակցելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում բացակայելու համար։
Կազմակերպությունն ունի հանգստյան սենյակ, ըստ անհրաժեշտության կարող է կահավորել նաև կրծքով կերակրելու սենյակ։
Նշենք, որ 2025 թվականին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Ընտանիքամետ գործատու» տարբերանշանի և վկայականների հանձնման արարողություն։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը միակ պետական կառույցն էր, որ ստացավ «Ընտանիքամետ գործատու» վկայական՝ հավաքելով 74 միավոր։