Հունիսի 9–ին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որի հիմնական նպատակը կրթության ոլորտում համագործակցության խթանումն էր։
Հուշագիրը ստորագրեցին ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը և ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Հուշագրի ստորագրումը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿՏԱԿ գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ՏՀՏ ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է, իսկ ՀՊՄՀ–ն կարևորագուն դերակատարում ունի կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերի մշակման, նորարարությունների ներդրման, դպրոցի դերի, մանկավարժի վարկանիշի բարձրացմանն ու մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման գործում։
Հուշագրի ստորագրմամբ երկուստեք կարևորվում է նաև միջազգային համագործակցության կարևորությունը ժամանակակից կրթության մեջ։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է ՀՊՄՀ ուսանող-ուսուցիչների և դասախոսների ներգրավումը European School Education Platform-ում և eTwinning համայնքում, այդ թվում՝ «eTwinning for Future Teachers» խմբում։ Նախատեսվում է նաև միջազգային eTwinning նախագծերի մշակում և իրականացում՝ հիմնված նախագծահեն ուսուցման (PBL) մոտեցման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և դասախոսներին ակտիվորեն մասնակցել միջազգային կրթական համագործակցությանը։ Հիշեցնենք, որ ՀՊՄՀ–ն Հայաստանի միակ բուհն է, որը տևական ժամանակ է՝ միացել է European School Education Platform-ի eTwinning համայնքին։
Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև eTwinning ծրագրի հայաստանյան համակարգող Տաթևիկ Յափունջյանը, որը մանրամասն ներկայացրեց eTwinning հարթակի հնարավորությունները, առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները։ Բուհի ներկայացուցիչները կիսվեցին հարթակի վերաբերյալ ակնկալիքներով, ներկայացրին մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու անդրադարձան կրթական, գիտահետազոտական և մասնագիտական զարգացման գործընթացներում eTwinning-ի կիրառման հնարավորություններին։
Հուշագրով նախատեսվում է կրթական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում, վերապատրաստումների, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում, նորարարական կրթական մեթոդների ու թվային գործիքների ներդրման աջակցություն, ինչպես նաև՝ ապագա ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։