«Տեղեկատվական զբոսաշրջություն eTwinning–ում․ համաեվրոպական կրթական ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները Հայաստանում»․ Դասընթաց լրագրողների համար

Ապրիլի 20, 2026

Ապրիլի 16-17–ը Աղվերանում տեղի ունեցավ լրագրողների վերապատրաստման դասընթաց՝ «Տեղեկատվական զբոսաշրջություն eTwinning–ում․ համաեվրոպական կրթական ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները Հայաստանում» խորագրով։ Երկօրյա դասընթացի ընթացքում լրագրողները ծանոթացան eTwinning ծրագրին, դրա շրջանակում ստեղծված կրթական նախագծերին, ուսուցիչների և սովորողների հաջողության պատմություններին։

Ծրագրի հայաստանյան համակարգող Տաթևիկ Յափունջյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղություններն ու նպատակները․ «Ուսուցիչներն իրենց աշակերտների հետ միասին կարողանում են առցանց հարթակում հանդիպել այլ երկրների ուսուցիչների և աշակերտների հետ, իրականացնել համատեղ նախագծեր, նախագծային ուսուցում: Հարթակը ոչ միայն համագործակցային ուսուցման միջավայր է ապահովում, այլև ուսուցչի մասնագիտական զարգացման համար հնարավորություններ է ստեղծում թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ դասընթացների մասնակցության առումով, որոնց շնորհիվ ուսուցիչները կարող են ապահովել իրենց մասնագիտական աճը, զարգացնել հմտությունները»,– ասաց նա։

Վանաձորի  թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի և գերմաներենի  ուսուցիչ, eTwinning-ի դեսպան Լիանա Կարապետյանը տեղեկացրեց, որ ծրագրում  ընդգրկված է 2015-ից, ապա ներկայացրեց իր  վերջին՝ «Քաղաքացիական կամուրջներ» նախագիծը, որի համար ստացել է Որակի հավաստագիր, ծրագրում ընդգրկված են եղել 2 դպրոց Հայաստանից, 2-ը՝ Թունիսից: «Դրա շրջանակում 3 բաղադրիչ էինք ընտրել՝ ներառական կրթություն և բուլինգի թեման,  ՏՀՏ կարողությունների զարգացումը և քաղաքացիական կրթությունը: Նախագծի շրջանակում սովորողները ամիսը 2-3 անգամ հանդիպում են այլ դպրոցների սովորողների հետ։ Դա նպաստում է օտար լեզվի զարգացմանը, քանի որ անգլերենով են հաղորդակցվում: Երեխաները ստեղծել էին բուլինգի թեմայով տեսանյութեր, հարցումներ էին իրականացրել՝ պարզելու համար, թե որքանով են դպրոցի մյուս սովորողները տեղյակ բուլինգին, քաղաքացիական կրթությանը: Նրանք ցույց էին տալիս, որ յուրաքանչյուր երեխա կարող է փոփոխություն բերել, հատկապես, որ երեխաները շատ հետաքրքիր գաղափարներ ունեն, խաղեր են ստեղծում, կարողանում են արհեստական բանականությունից օգտվել: Իրենք գործողության հիմնական կատարողն են»,- մանրամասնեց Լիանա Կարապետյանը:

Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի տնօրեն, 2017թ. eTwinning-ի դեսպան Կարինե Կոստանյանն էլ ներկայացրեց eTwinning ծրագրի հնարավորությունները ուսուցիչների և դպրոցների համար, ինչպես նաև միջազգային համագործակցությունը դպրոցների միջև: Ի դեպ, նրա ղեկարավարծ դպրոցը ճանաչվել է eTwinning դպրոց:
«Տարիներ շարունակ հայաստանցի աշակերտներն ակադեմիական գիտելիքներով բավականին առաջ են անցել այլ երկրների նույն տարիքի աշակերտներից, սակայն մեզ մոտ բացակայել են հմտությունները, ակադեմիական գիտելիքը հմտորեն օգտագործելը, իսկ նման հնարավորություն տալիս է նախագծեր անելը»,– ասաց նա։

Երևանի թիվ 50 հիմնական դպրոցը ներկայացնող մանկավարժ, eTwinning-ի դեսպան Հայկուհի Խաչատրյանը պատմեց, թե ինչպես են հայաստանյան նախակրթարանի աշակերտները շահել համաեվրոպական մրցույթում, և հետագայում ինչպես է ընթացել իր մանկավարժական գործունեությունը eTwinning համայնքին ինտեգրվելուց հետո:
«eTwinning-ին միացել եմ 2019-ին, աշխատել ենք 4-6 տարեկան երեխաների հետ: Այդ տարիքի երեխաների հետ աշխատանքը բարդ է, որովհետև մտածում ես՝ ինչպես նյութը հետաքրքիր ներկայացնել երեխային, որ ընկալելի լինի: Նախագծի շրջանակում համագործակցում եմ Լեհաստանի, Սլովակիայի, Չեխիայի ուսուցիչների հետ: Չլինելով անգլերենի մասնագետ՝ տարիների ընթացքում սովորել եմ հաղորդակցվել անգլերեն, տիրապետել թվային գործիքներին»,-ասաց Հայկուհի Խաչատրյանը: