Մարտի 19-20–ը Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «eTwinning-ը սկսնակների համար» երկօրյա վերապատրաստման դասընթացը, որի հիմնական նպատակը համաեվրոպական կրթական համայնքին միանալու ցանկություն ունեցող ուսուցիչներին անհրաժեշտ հմտություններ փոխանցելն էր։
eTwinning-ի փորձառու դեսպանները երկու օր շարունակ վերապատրաստել են 50 սկսնակ ուսուցիչների՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է գրանցվել eTwinning հարթակում, աշխատել այդտեղ, իրականացնել նախագծեր և դիմել որակի հավաստագրեր ստանալու համար։
Դասընթացն իրականացվել է երկու խմբով։ Դասընթացի ավարտին մասնակիցներից 48–ը ստացել են համապատասխան հավաստագրեր։ Նրանք արդեն գրանցվել են համաեվրոպական կրթական համայնքի հարթակում և հետագայում կրթական նախագծեր իրականացնելու հետաքրքրություն հայտնել։
Նշենք, որ սա «eTwinning-ը սկսնակների համար» վերապատրաստումների շարքի առաջին միջոցառումն էր՝ նախատեսված երևանյան դպրոցների ուսուցիչների համար։ Առաջիկայում վերապատրաստումներ իրականացվելու են Հայաստանի բոլոր մարզերում։ Դրանց մասին նախապես կծանուցվի eTwinning Armenia ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ կտեղադրվեն մասնակցության հայտերը, որոնք պետք է լրացնել յուրաքանչյուր մարզի համար։ Հաջորդ դասընթացը տեղի կունենա արդեն մարտի 26-27–ը՝ Արարատի մարզի ուսուցիչների համար։
Հիշեցնենք, որ դեռ 2013 թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն է ստացել միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին։
Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում որպես աջակցող կազմակերպություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
2013թ․ մինչ այժմ տարբեր փուլերում eTwinning միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց, ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։