Այսօր տեղի ունեցավ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը, որի կազմակերպիչը ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնն է։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:
Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նորարարությունը կրթությունն է, քանի որ առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն: Սա է պատճառը, որ Կառավարության առնվազն վերջին 1-1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն, կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն: «Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվեն աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիաներ, նոր գիտելիքներ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո, նրանք տարբեր կրթական ծրագրերի, վերապատրաստումների են մասնակցում՝ բարձրացնելու իրենց որակավորումը, իրենց աշխատանքի որակը: Դա, առաջին հերթին, արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար»։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխություն՝ չորս անվանակարգերում՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում մրցանակի արժանացան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։