«Միջմշակութային հաղորդակցությունն այն «ոսկե բանալին» է, որը թույլ է տալիս աշակերտին լեզուն զգալ որպես կենդանի օրգանիզմ։ eTwinning-ը հենց այն հարթակն է, որտեղ տեսությունը վերածվում է կենդանի շփման, իսկ դասասենյակը դառնում է միջազգային հարթակ»։ Հենց այս ձևակերպմամբ սկսեց իր խոսքը KASA հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի խթանումը» ծրագրի համակարգող Գայանե Հայրապետյանը՝ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար կազմակերպված հերթական վեբինարի ժամանակ։
Նախօրեին տեղի ունեցած վեբինարը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և KASA հիմնադրամի արդյունավետ համագործակցության առաջին փորձառությունն էր։ Առցանց հանդիպմանը մասնակցեց շուրջ 80 ուսուցիչ։
eTwinning-ի փորձառու վերապատրաստող և ԿԱԶԱ-ի լավագույն գործընկերներից Բլանդին Բյուրոն (Blandine Bureau) մասնակիցներին ներկայացրեց eTwinning-ի ընձեռած հնարավորությունները, առավելությունները, կիսվեց սեփական փորձով և օրինակներով։
ԿՏԱԿ ներկայացուցիչ, Հայաստանում eTwinning ծրագրի համակարգող Տաթևիկ Յափունջյանը ողջունեց վեբինարի մասնակիցներին և ներկայացրեց ծրագրի տեղայնացումն ու իրականացումը Հայաստանում, դրա առանձնահատկությունների և մանրամասների մասին, eTwinning հարթակում գրանցվելու քայլերի հաջորդականությունը:
Ֆրանսերենի վերապատրաստող/ուսուցիչ, eTwinning-ի դեսպան Արմինե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրեց իր հաջողված փորձը։ Իրական օրինակներով ցույց տվեց, թե ինչպես են նախագծերը փոխակերպում դասապրոցեսը և ինչպիսի ոգևորություն են առաջացնում աշակերտների շրջանում։
Վեբինարի ավարտին մասնակիցները նշել են, որ eTwinning-ը միանշանակ իր տեղն է գրավել իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում, իսկ ներկայացված նյութը՝ գործնական և կիրառելի լինելու շնորհիվ, ոգեշնչել է նրանց՝ նոր թափով անցնել աշխատանքի։
KASA հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Հայրապետյանը հույս է հայտնել, որ eTwinning-ի շրջանակներում համագործակցությունը շարունակական և առավել սերտ բնույթ կկրի։
Նշենք, որ 2013 թ․–ին Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվինինգ» համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 թ․-ին, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։
Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում որպես աջակցող կազմակերպություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
2013 թ․ մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգ Հայաստան ծրագրով միասնական կրթական համայնքում ներառվել են Հայաստանի շուրջ 750 դպրոց։
2013 թ․ մինչ այժմ ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։