Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն օրերս ամփոփեց «Գյուղական համայնքների դպրոցներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար կրթության միջոցով» ծրագրի նախորդ 4 տարիների արդյունքները և ներկայացրեց դրա զարգացման հեռանկարները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքում ստացված արդյունքները, գնահատել դրա արդյունավետությունը և քննարկել հեռավար կրթության ներդրման հնարավորությունները գյուղական համայքներում՝ որպես ուսուցման նորարարական լուծում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ E-school Armenia ծրագիրը, որը սկիզբ է առել Քովիդ համավարակի ընթացքում աշակերտների համար հեռավար կրթություն ապահովելու նպատակով, մինչ օրս պահպանում է իր արդիականությունը՝ փոխելով ձևն ու նպատակները։ Պողոսյանը շեշտեց, որ սա աշխարհում յուրահատուկ փորձառություն է, որովհետև սա միակ նման ծրագիրն է, որն իրականացվում է պետության կողմից․ «Կրթությունն առանց տեխնոլոգիաների պատկերացնելը հնարավոր չէ։ Դպրոցը պետք է կարողանա օգտագործել էլեկտրոնային գործիքները՝ այդ թվում արհեստական բանականությունը՝ դասերն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Այս ծրագիրը մի մեխանիզմ է, որը կարողանում է գյուղական դպրոցներում ուսուցիչների բացը լրացնի։ Իհարկե սկզբանական շրջանում կար մտավախություն, որ հեռավար կրթությունը լավագույն տարբերակը չէ կրթության շարունակականությունը ապահովելու համար, բայց հիմա վստահ կարող ենք ասել, որ մեր բոլոր մտահոգությունները հաղթահարված են»,– նշեց Պողոսյանը։ Անցնող 4 տարիների ընթացքում ծրագիրն իրականացվել է Հայաստանի 10 մարզերի ավելի քան 250 դպրոցներում։ Մենթոր դպրոցների թիվը 17–ից հասել է 24–ի, ծրագիրը շարունակական կրթություն է ապահովել շուրջ 10 000 աշակերտների համար՝ ներգրավվելով շուրջ 250 գյուղական դպրոցներ և ավելի, քան 400 ուսուցիչ։ 2025-26 ուստարվա առաջին կիսամյակին շահառու դպրոցների թիվը 101 է։ Հատկանշական է, որ մաթեմատիկայի ուսուցիչների պակասն այս տարի ամենաարտահայտվածն է՝ 360 ժամ․ սա նախորդ տարվա նույն ցուցանիշի հնգակի աճ է։ Զգալիորեն ավելանում է նաև «Քիմիա», «Ռուսերեն» և «Ֆրանսերեն» առարկաների դասավանդողների պակասը։ Ծրագրի գրանցած արդյունքների վերլուծությունը ցույց է տվել սովորողների գիտելիքների նկատելի աճ՝ հատկապես այն դպրոցներում, որտեղ նախկինում երկար ժամանակ բացակայել են առարկայական ուսուցիչներ։ Միաժամանակ նշվեց նաև մի շարք մարտահրավերների առկայությունը․ տեղական ինտերնետ կապի անբավարար որակը որոշ գյուղական համայնքներում, տեխնիկական սարքավորումների սակավությունը, ուսուցման և գնահատման մեթոդաբանության հարմարվողականության խնդիրները։ Միջոցառման մասնակիցները ընդգծեցին ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը՝ հատկանշելով, որ հեռավար կրթությունը ոչ միայն ժամանակավոր լուծում է ուսուցիչների պակասի խնդրի համար, այլև՝ ժամանակակից կրթական համակարգի անբաժանելի մաս։ Այն հնարավորություն է տալիս ապահովել կրթության հասանելիություն, զարգացնել նոր հմտություններ և բարձրացնել ուսուցման որակը՝ անկախ բնակության վայրից։