Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց Էստոնիայի «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում կրթության թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև՝ էլեկտրոնային կրթական հարթակների կիրառման փորձը։
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի կրթական տեխնոլոգիական միջավայրի ներկա վիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշեց ապագա համագործակցության հնարավորությունները։
Պետրա Հոլմը ներկայացրեց Էստոնիայի փորձը կրթության թվային փոխակերպման ոլորտում՝ ընդգծելով կրթական համակարգում նորարարական տեխնոլոգիաների դերը և դրանց ազդեցությունը ուսուցման արդյունավետության վրա։
Կողմերն ընդգծեցին, որ այցը նպաստում է երկու երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություններին և համագործակցության նոր ուղիների ձևավորմանը՝ ուղղված կրթության թվայնացման գործընթացների արդիականացմանը։