ԿՏԱԿ-ի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովն Աղվերանում

Հոկտեմբերի 14, 2025
Նորություններ

Հոկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով խորհրդաժողովը: Ամենամյա խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ, կարևորելով թվայնացման դերը՝ աշխատանքները թափանցիկ և հաշվետվողական ձևով կազմակերպելու հարցում: Անդրեասյանի խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում վերջին տարիներին հսկայական փոփոխություններ են իրականացվել, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում:

«Իհարկե, սա մի կողմից մեզ տալիս է ավելի մեծ վստահություն և փորձ, բայց նաև մեր առաջ դնում է հետագա զարգացման ավելի հավակնոտ խնդիրներ»,- հայտարարել է նախարարը:

Անդրեասյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի քննարկումները կօգնեն հայտնաբերել և ձևակերպել առկա խնդիրները, ըստ այդմ՝ ավելի արդյունավետ կազմակերպել հետագա աշխատանքները:

Երկօրյա խորհրդաժողովին մասնակցեցին ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԳԹԿ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչները, ԿՏԱԿ աշխատակիցներն ու մարզային համակարգողները:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները ժողովի մասնակիցներին ներկայացրեցին Հայկական կրթական միջավայրի և ՏՀՏ վերապատրաստումների, «Իթվինինգ» ծրագրի և նախագծային ուսուցման, ինչպես նաև «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար կրթության միջոցով» ծրագրի վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ:

Քննարկվեցին նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևի թվայնացման արդյունքները, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները, ինչպես նաև կրթության մեջ և ԿԿՏ համակարգում արհեստական բանականության գործիքների ներդրման հնարավորությունները:

Բացի այդ, ԿՏԱԿ մարզային համակարգողների հետ ծավալվեց աշխատանքային քննարկում ՀՀ մարզերում համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու շուրջ:

Խորհրդաժողովի մասնակիցներն ամփոփեցին ընթացիկ տարում իրականացրած աշխատանքներն ու նախանշեցին առաջիկա անելիքները: