2024-25 ուստարվա ընթացքում 141 գյուղական դպրոց դիմել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի մասնակից դառնալու համար։
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղական համայքներում ուսուցչի բացակայության պատճառով չդասավանդվող առարկաների հեռավար ուսուցման կազմակերպումն է՝ վերապատրաստված մենթոր ուսուցիչների միջոցով։
Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմած 141 դպրոցներից 37–ի դիմումը մերժվել է՝ պահանջվող մասնագետների, տեխնիկական և շենքային պայմանների բացակայության, ինչպես նաև՝ մեծ դասարանները կիսելու անհնարինության պատճառով։ Այս դպրոցների համար հնարավոր չի եղել ապահովել «Գերմաներեն», «Ինֆորմատիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Ռուսերեն», «Մաթեմատիկա», «Քիմիա» առարկաների հեռավար ուսուցում՝ մենթորների միջոցով։
Հաստատված 104 հայտերի արդյունքում հնարավոր է եղել շաբաթական շուրջ 1667 ժամ հեռավար ուսուցում կազմակերպել՝ ապահովելով ավելի քան 5320 աշակերտների կրթության անընդհատությունը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թ․–ին՝ հաշվի առնելով գյուղական համայքներում ուսուցիչների բացակայության խնդիրը՝ հատկապես բնագիտական առարկաների մասով։ Անցնող 4 տարիների ընթացքում մենթոր դպրոցների թիվը 17–ից դարձել է 24 և ընդգրկել ողջ Հայաստանը։ Այսպես, ամենաշատ մենթոր դպրոցները Լոռու մարզում են՝ 8, իսկ հեռավար դասավանդող ուսուցիչների թիվն այստեղ հասել է 75–ի։
2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ որպես շահառու, ծրագրին միացել է 99 գյուղական դպրոց: Ամենաշատը ուսուցչի կարիք կա Լոռու, Արարատի, և Գեղարքունիքի մարզերում: