Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփում է հանրակրթական հաստատություններում 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու պիլոտային ծրագրի 2-րդ տարին։
Ինչպես նախորդ տարի, 2024-25 ուստարում ևս հաստատված ընթացակարգով սահմանվել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ դասարանի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու, ստուգման, գնահատման, արդյունքների հրապարկման և բողոքարկման կարգը։
Դպրոցներում նախագծերի իրականացումը մեկնարկել էր ապրիլի 15-ից և տևել 6 շաբաթ։ Քննական նախագծերի թեմաները մշակվել և դպրոցներին տրամադրել էին ԿԶՆԱԿ-ի մասնագետները։ Այս տարի ԿԶՆԱԿ-ը ընդլայնել էր նաև թեմաների շրջանակը և ներկայացել էր շուրջ 51 թեմա։
Քննական նախագծերի պաշտպանութուններն անցկացվել են մայիսի 29-30 ընկած ժամանակահատավածում։ Պաշտպանությանը, հաստատության քննական հանձնաժողովների հետ միասին, ներկա են եղել նաև մարզային քննական հանձնաժողովի ներկայացուցիչները։
Նախագծերի գնահատումն իրականացվել է 20 միավորանոց համակարգով, 3 բաղադրիչով՝ նախագծին մասնակցություն, համագործակցություն, ներդրում, նախագծի բովանդակության և ավարտուն արդյունքի ներկայացում և գիտելիքների ստուգում։
Ընդհանուր առմամբ, ուսումնական նախագիծը՝ որպես ավարտական քննություն, ընտրել են մարզի 76 դպրոցնեից 43-ը, այդ թվում՝ մի շարք դպրոցներում իրականացրել է ոչ թե մեկ, այլ՝ մինչև 4 նախագիծ։ Այսպես, Նոյեմբերյանի տարածաշրջանում 15 դպրոցներում իրականացվել է 46 նախագիծ, Իջևանի տարածաշրջանի 16 դպրոցներում՝ 36, Բերդի տարածաշրջանի 7 դպրոցներում՝ 9, իսկ Դիլիջանի տարածաշրջանի 5 դպրոցներում՝ 18 նախագիծ։
Ուսումնական նախագծերն ընտրած աշակերտներից ոչ ոք հետագայում չի հրաժարվել նախագծին մասնակցելուց, չնայած, որ ընթացակարգով թույլատրվում է նաև հրաժարվել։ Բոլոր աշակերտները հաղթահարել են գնահատման նվազագույն դրական շեմը։