«Իթվինինգ» ծրագիրը 20 տարեկան է

Ապրիլի 30, 2025
Նորություններ

Ապրիլի 25-27-ը Աղվերանում տեղի ունեցավ «Իթվինինգ» ծրագրի մասնակից ուսուցիչների աշխատանքային խորհրդակցություն։ Եռօրյա աշխատաժողովին ներկա էին Երևանի և մարզերի շուրջ 50 ուսուցիչներ, ովքեր մասնակցեցին տարբեր դասընթացների, քննարկումների և վարժանքների։

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին հաջողված նախագծեր, որոնք իրականացվել են հայաստանյան թիմերի կողմից «Իթվինինգ» ծրագրի շրջանակներում։ Օրակարգային էր նաև 21-րդ դարի ամենապահանջված՝ արհեստական բանականությունը կրթության մեջ թեման։ Եռօրյա աշխատաժողովի մասնակից ուսուցիչները, տարբեր մանկավարժական գործիքներ կիրառելով, բովանդակային քննարկումների միջոցով նախ բացահայտեցին առկա հիմնախնդիրները, ապա դրանց հնարավոր լուծումներ առաջարկեցին։

Քննարկվող մյուս առանցքային թեման քաղաքացիական կրթությունն էր։ Մասնակիցներին ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպես օրինակ՝ «ժողովրդավարական մտածելակերպի ձևավորում աշակերտների մոտ», «Քաղաքացիական կրթությունը՝ որպես ներառական հասարակության հիմք», «Քննադատական մտածողություն․ թվային բարեկեցություն» և այլն։

Ծրագիրն ամփոփվեց «Իթվինինգ» ծրագրին Հայաստանի մասնակցության 12 տարիների ընթացքում գրանցած հաջողությունները։ Ծրագրի նոր մասնակիցների առջև ելույթ ունեցան ծրագրի հայ դեսպանները՝ ներկայացնելով իրենց և աշակերտների հաջողության պատմությունները, և կիսվելով հաջողության հասնելու իրենց փորձառությամբ։

Նշենք, որ 2013 թ–ին Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվինինգ» համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ-ին, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։

Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում որպես աջակցող կազմակերպություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։

2013 թ․ մինչ այժմ տարբեր փուլերում «Իթվինինգ» ծրագրով միասնական կրթական համայնքում ներառվել են Հայաստանի շուրջ 740 դպրոց և շուրջ 1700 ուսուցիչ։

2013 թ․ մինչ այժմ ավելի քան 100 ուսուցիչ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։