Հոկտեմբերի 7-8-ը Աղվերանում տեղի ունեցավ «Իթվինինգ Հայաստան» ծրագրի երկօրյա աշխատաժողովը։ Դասընթացին ներկա էին Երևանի և մարզերի շուրջ 50 ուսուցիչներ, ովքեր մասնակցեցին տարբեր քննարկումների։
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին հաջողված նախագծեր, որոնք իրականացվել են «Իթվինինգ Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Օրակարգային թեման էր նաև սովորողների բարեկեցության հիմնախնդիրներն։ Երկօրյա աշխատաժողովի մասնակից ուսուցիչները, տարբեր մանկավարժական գործիքներ կիրառելով, նախ բացահայտեցին առկա հիմնախնդիրները, ապա դրանց հնարավոր լուծումներ առաջարկեցին։
Մասնակիցները ծանոթացան նաև նախագծերի պլանավորման և իրականացման ուղեցույցներին, որոնց օգնությամբ կարող են մշակել նախագծեր՝ հետագայում նաև դրամաշնորհային ծրագրերի դիմելու ակնկալիքով։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին 21-րդ դարի սովորողի պահանջմունքները, որոնք նպաստում են դպրոցում առավել բարեկեցիկ միջավայրի ապահովմանը։
Երկօրյա ծրագիրն ամփոփվեց մասնակիցների կողմից ստեղծված համատեղ նախագծերի ներկայացմամբ։
Նշենք, որ 2013 թ–ին Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվինինգ» համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։
Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում որպես աջակցող կազմակերպություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
2013 թ․ մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգ Հայաստան ծրագրով միասնական կրթական համայնքում ներառվել են Հայաստանի շուրջ 680 դպրոց և շուրջ 2000 ուսուցիչ (նախկին Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը կոչվում է Իթվինինգպլյուս)։
2013 թ․ մինչ այժմ ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։