Հայաստանում այս տարի մեկնարկել է նախագծային ուսուցման պիլոտային ծրագիրը, որի հիմնական նպատակը 9-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական (ընտրովի` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն կամ կենսաբանություն) առարկաների ավարտական քննությունները ուսումնական նախագծի իրականացմամբ փոխարինելն է։ Նախագծի պաշտպանության գնահատականը ներառվելու է 9-րդ դասարանի ավարտական փաստաթղթում։
Նշենք, որ Եվրոպական միության և ԿՏԱԿ–ի կողմից իրականացվող «Իթվինինգ Հայաստան» ծրագրի շրջանակներում հանրակրթական դպրոցներում 2013 թվանից ի վեր իրականացվել են նախագծային ուսուցման առանձին աշխատանքներ, ուստի ԿՏԱԿ կուտակած փորձը այս բնագավառում հիմնաքարային եղավ նախագծային ուսուցման պիլոտային ծրագրի մշակման և իրագործման աշխատանքների արդյունավետ իրականացման համար։
Ծրագրի մեկնարկից առաջ՝ 2023 թ․ սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեցին խորացված վերապատրաստման դասընթացներ՝ նախագծային ուսուցման իրավական հիմքերի և կարգավորումների, ուսումնական նախագծերի և դրանց գնահատման չափանիշների, նախագծի պլանավորման, վարման և հաշվետվությունների կազմման կարգի և այլնի վերաբերյալ։ Այս դասընթացների արդյունքում ձևավորվեց 15 հոգուց կազմված վերապատրաստողների խումբ, որոնցից 6-ը ԿՏԱԿ–ի աշխատակիցներ են, իսկ 9-ը՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների՝ նախագծային ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած փորձառու մասնագետներ։
Պիլոտային ծրագրի առաջին փուլն իրականացվեց Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Հաղարծին համայնքների միջնակարգ և հիմնական 4 դպրոցներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Տավուշի մարզում են իրականացվել առարկայական նոր չափորոշիչների փորձարկումները, նախագծային կրթության այս ծրագիրը ևս փորձարկվեց այստեղ:
Ընտրված դպրոցների 9-րդ դասարանցիները 6 շաբաթ շարունակ իրականացրեցին մեկական նախագծային աշխատանք, որոնց թեմաներն ընտրվել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Նախորդ տարեվերջին փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ հնարավոր է նախագծային աշխատանքների միջոցով իրականացնել սովորողների հմտությունների, կարողությունների և գիտելիքի ստուգում:
Ծրագրի երկրորդ փուլին ընդառաջ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ԿԶՆԱԿ–ի հետ համագործակցությամբ, լրամշակեց նախագծի պլանավորման, հաշվետվությունների, վարման մատյանների օրինակելի ձևերը, ինչպես նաև՝ դրանց լրացման ուղեցույցները, գնահատման չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ գնահատել և՛ յուրաքանչյուր աշակերտին անհատապես, և՛ նախագիծն ամբողջությամբ։
Այս ընթացքում «Նախագծային ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթացների է մասնակցել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 360 ուսուցիչ՝ առկա և հեռավար ձևաչափերով։
Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ընդհանուր առմամբ, ուսումնական նախագիծը՝ որպես ավարտական աշխատանք, ընտրել են Տավուշի մարզի 76 դպրոցներից 27-ը, այդ թվում 7 դպրոցներում իրականացրել են ոչ թե մեկ այլ՝ 2 կամ 3 նախագիծ։ Ուսումնական նախագծով ավարտական քննություններին մասնակցել է 247 աշակերտ։
Հատկանշական է, որ ուսումնական նախագծերն ընտրած աշակերտներից ոչ ոք հետագայում չի հրաժարվել նախագծին մասնակցելուց, չնայած, որ հայեցակարգով թույլատրվում է նաև այդ տարբերակը։ Ինչպես նաև, բոլոր աշակերտները հաղթահարել են գնահատման նվազագույն դրական շեմը և քննությունից անբավարար ստացողներ չեն եղել։