Օրերս ԿՏԱԿ–ը նշեց իր գործունեության 20–ամյակը։ Այս ողջ ընթացքում ԿՏԱԿ–ը նախաձեռնել և իրականացրել է կրթության ոլորտի մի շարք կարևորագույն փոփոխություններ, դիմակայել բազմաթիվ մարտահրավերների։
Անցնող տարիների ընթացքում ԿՏԱԿ իրականացրած աշխատանքների շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերում տեղաբաշխված 1420 ուսումնական հաստատություններ միացել են Հայաստանի կրթական ցանցին, ինչն ապահովում է դրանց համացանցային կրթական և տեղեկատվական պաշարների հասանելիությամբ։
ԿՏԱԿ–ի գործունեության արդյունքում թվայնացվել են կրթական գործընթացի գրեթե բոլոր փուլերը՝ առաջին դասարանցիների հայտագրումից՝ մինչև ավարտական ատեստատների տրամադրումը՝ այդպիսով գրեթե բացառելով գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը։ Անցյալ տարվանից գործարկվել է նաև նախնական և միջին մասնագիտական հաստատությունների առցանց հայտագրման հարթակը։
Յուրքանչյուր տարի ԿՏԱԿ–ի կողմից իրականացվում է դասավանդման առցանց մեթոդների առնվազն 12 անվճար վերապատրաստում՝ ուսուցիչների համար։
Վերջին 10 տարիներին ԿՏԱԿ–ն իրականացնում է նաև Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ միասնական կրթական ծրագրի համակարգումը, որի շնորհիվ եվրոպական միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 660 դպրոց և շուրջ 1600 ուսուցիչ։ Ավելի քան 70 ուսուցիչներ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
Հայաստանը աշխարհի բացառիկ երկրներից էր, որ հաշված օրերի ընթացքում Քովիդ 19 համավարակի ընթացքում կարողացավ ապահովել սովորողների շուրջ 85 %–ի կրթության շարունակականությունը, այդ թվում՝ հեռավար դասընթացների ներդրման շնորհիվ։
Վերջին 4 տարիների ընթացքում ավելի քան 10.000 ուսուցիչ է վերապատրաստվել՝ հեռավար դասընթացներ իրականացնելու համար։
Եվ սա դեռ ամենը չէ։
Կենտրոնի հոբելյանական միջոցառման ժամանակ իրենց բացառիկ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվեցին ԿՏԱԿ մի շարք աշխատակիցներ։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և վերապատրաստումների բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը, Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը և ԿՏԱԿ փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանն արժանացան ԿԳՄՍՆ ոսկե մեդալների։
Պատվոգրեր ստացան գլխավոր ադմինիստրատոր Արաբո Մարգարյանը, Կադրերի գործի պատասխանատու Ալվարդ Ասլանյանը, Ծրագրերի համակարգման բաժնի պետ Արսեն Տոնոյանը։
Շնորհակալագրեր շնորհվեցին Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և վերապատրաստումների բաժնի առաջատար մասնագետ Մարետա Դումիկյանը, Ծրագրերի համակարգման բաժնի առաջատար մասնագետ Մարիաննա Բադունցը, Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը։