Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգ ծրագրի 2023 թվականի ամփոփոիչ տարեկան մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունն իրականացվում էր արդեն 10–րդ անգամ։ Այս տարի, ինչպես միշտ, նախատեսված էին պարգևներ 4 տարիքային անվանակարգերում առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած խմբերին, ինչպես նաև՝ խրախուսական մրցանակներ ակտիվ մասնակցության և թիմային լավագույն աշխատանքների համար։
Ընդհանուր առմամաբ, մրցանակներ ստացան 11 ուսուցիչներ և 3 դպրոցներ՝ գրանցված առանձնահատուկ հաջողությունների համար։
Նշենք, որ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն է ստացել միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին 2013 թվականին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։
Վերջին 10 տարիներին միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 660 դպրոց և շուրջ 1600 ուսուցիչ։ Ավելի քան 70 ուսուցիչներ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
Անցյալ տարվանից, Հայաստանը ծրագրի շրջանակներում միացել է Եվրոպական դպրոցների կրթական միասնական հարթակին (ESEP) և օգտվում է նաև դրա ընձեռած կրթական հնարավորություններից։