Հեռավար դասընթացների արդյունավետ իրականացման համար՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մի շարք գյուղական դպրոցների անհատույց օգտագործման նպատակով համապատասխան տեխնիկա է տրամադրել։
Խոսքը «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումն էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագրի շահառու կամ Մենթոր դպրոցների պատվիրատու ուսումնական հաստատությունների մասին է։
ԿՏԱԿ աշխատակիցները այցերի ընթացքում տեղում ծանոթացել են գյուղական դպրոցների տեխնիկական հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև զրուցել աշակերտների, դասավանդողների ու տնօրենների հետ` էլեկտրոնային դասերի որակի ու արդյունավետության գնահատման համար հետադարձ կապ ստանալու նպատակով:
Դպրոցների առաջնային տեխնիկական կարիքները հոգալու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ձեռք է բերել 10 դյուրակիր համակարգիչ, 2 պրոյեկտոր, 2 էկրան: Տեխնիկական միջոցները տրամադրվել են Շիրակի մարզի Ջրափի, Վայոց Ձորի մարզի Գոմքի միջնակարգ դպրոցներին, Սյունիքի մարզի Լծենի հիմնական դպրոցին, Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 2 և Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցներին, Լոռու մարզի Հարթագյուղի, Քարինջի, Արևածագի և Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցներին։
Հիշեցնենք, որ «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումն էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագրում որպես մենթոր ներգրավված է 24 դպրոց, որոնց ուսուցիչները դասավանդում են 105 գյուղական դպրոցներում, որտեղ այս կամ այն առարկան չի դասավանդվումէ ուսուցչի բացակայության պատճառով։ Մենթոր դպրոցների ծրագրի շնորհիվ գյուղական համայնքների շուրջ 5000 աշակերտների համար ապահովվում է կրթության շարունակականությունը։