ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով՝ գործունեության հիմնական ուղղությունների և իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով:
Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները:
Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը կարևորել է տարեկան համաժողովների անցկացումը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:
«Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի քաղաքականությունը ներկայացնելու շատ ավելի հիմնավոր և թափանցիկ: Եվ սա լրացուցիչ պատասխանատվություն է՝ պատշաճ օգտագործելու ունեցած ռեսուրսը: Միայն շարունակաբար աշխատելով և մեր կարողությունները զարգացնելով՝ կկարողանանք տեղեկատվական համակարգի հնարավորություններն ավելի արդյունավետ կիրառել»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում առանձին բաղադրիչ է ներառված, որն ուղղված է կրթության ոլորտում տվյալների օգտագործման նպատակով կառավարման տեղեկատվական համակարգի մի շարք գործիքների ներդրմանը: Ծրագիրն ունի նաև ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման և առցանց գործիքներին տիրապետելու նպատակով դասընթացների կազմակերպման բաղադրիչ:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ուղղությամբ արված աշխատանքներին՝ մասնավորապես նշելով հեռավար ուսուցման կազմակերպմամբ մենթոր դպրոցների փորձարկվող ծրագրի մասին: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է մարզպետարանների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչը կօգնի էլեկտրոնային ուսուցումն աշակերտների համար դարձնել առավել հասցեական և թիրախային:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այժմ քննարկման փուլում է ուսուցիչների վերապատրաստման, տարակարգի շնորհման, ատեստավորման գործընթացներն ամբողջությամբ թվայնացնելու գաղափարը:
Նախարարի տեղակալը մատնանշել է կրթության կազմակերպումը տեղեկատվական համակարգում արտացոլելու խնդիրները՝ դրանք դիտարկելով տեղեկատվական համակարգի գործիքակազմը հանրակրթության նոր չափորոշչին համապատասխանեցնելու, խմբակների և նախագծային աշխատանքների, դպրոցների ֆինանսավորման մոդելի, տարբեր ծրագրերի մոնիթորինգի, կրթական գործընթացների թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու համատեքստում:
Խորհրդաժողովի մասնակիցներին Ժաննա Անդրեասյանը մաղթել է արդյունավետ քննարկում, կրթական ոլորտը բարելավող նոր մտքեր ու գաղափարներ:
Միջոցառմանը ներկա են եղել ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաճյանը, ԿՏԱԿ մարզային համակարգողները, ինչպես նաև կրթության և մշակույթի մարզային վարչությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչները:
Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են «Պաշարների շտեմարանի», «Իթվինինգի», ՏՀՏ հեռավար վերապատրաստումների, կառավարման գործիքների հնարավորությունները, դրանց կիրառմամբ ձեռք բերված տվյալները:
Ներկաները բանախոսներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ: