Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
Համագործակցության արդյունքում՝ բուհի ուսանողների պրակտիկան և կամավորությունը կանցկացվի ԿՏԱԿ-ում, կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի փորձագետները ՀՊՄՀ-ում կիրականացնեն էլեկտրոնային դասավանդման վերաբերյալ դասընթացներ։
Հուշագրի նպատակը համագործակցության միջոցով որակյալ կրթության հասանելիությանն ու լավագույն փորձի փոխանակմանը խթանելն է։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց բուհի հետ գործընկերության հեռանկարների հնարավորությունը և կարևորեց այն, որ հուշագրի ստորագրման նախաձեռնությունը բուհինն է։ Պողոսյանը վստահ է՝ գործընկերությունը կստացվի․ կլուծվեն կրթական ոլորտում առկա կարևոր խնդիրներ։
Ռեկտոր Գևորգյանը հուշագրի ստորագրումն ուշացած համարեց՝ նկատի ունենալով կառույցի հետ մինչ այս եղած ակտիվ փոխգործունեությունը։
Նա նաև նշեց կենտրոնի տնօրենի՝ բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմում լինելու կարևորությունը, ընդգծելով, որ ցուցաբերված օժանդակության և գործնական քայլերի շնորհիվ՝ մանկավարժական կրթությունում որակական փոփոխություններն ակնհայտ են․ «Այս հուշագրով սկիզբ կդրվի համագործակցության նոր ձևաչափի»,- հավելեց Սրբուհի Գևորգյանը։
Հուշագրով նախատեսված են համատեղ կրթական և հետազոտական այլ ծրագրեր ևս։