ԿՏԱԿ–ն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը

Հունիսի 21, 2022
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը։ Անցնող ուսումնական տարվա ընթացքում ծրագրի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքը սկսեց շնորհակալությամբ՝  նշելով, որ այս ծրագրի շնորհիվ հազարավոր երեխաներ հնարավորություն ստացան կրթությունը շարունակել՝ չվտանգելով իրենց առողջությունը։

«E-school Armenia ծրագրի միջոցով կուտակել ենք շատ կարևոր փորձառություն. մենք բոլորս համավարակի ընթացքում հասկացանք, որ ժամանակները կփոխվեն, մենք կգտնենք համավարակը գտնելու ուղիները, բայց կրթական տեխնոլոգիաները այլևս մի բան են, որոնք կազմելու են մեր ուսուցման գործընթացի անբաժան մի մասը։ Բացի այդ, մեզ մոտ միշտ կան երեխաներ, ովքեր տարբեր պատճառներով որոշակի ժամանակահատվածում դպրոց հաճախելու խնդիր են ունենում։

Ես ուրախ եմ, որ այսօր ծրագիրը ամփոփում ենք, դա նշանակում է, որ այն խնդիրը, որն ունեինք համավարակի հետ կապված, կարծես թե հասարակությունները հաղթահարում են, բայց ես կարծում եմ, որ այն կարողությունները, մանկավարժական նորարարությունը, մոտեցումները, որ զարգացրել ենք այս ընթացքում, պետք է կարողանանք օգտագործել կրթական գործընթացի հետագա բարեփոխումներում, և վստահ եմ, որ այնտեղ ձեզանից յուրաքանչյուրի դերը լինելու է անգնահատելի»,– ասաց փոխնախարարը։

Նշենք, որ ԿՏԱԿ–ի e-school Armenia նախագիծը մեկնարկել է 2020 թ․–ի մարտին՝ ապահովելով համավարակի պայմաններում առկա ուսուցման այլընտրանք՝ ավելի քան 400.000 աշակերտների համար։

Համավարակի շրջանում՝ հեռավար ուսուցման շրջանակում նկարահանվել է ավելի քան 2500 տեսադաս, որոնք հասանելի են e-school Armenia յութուբյան ալիքում։ Դրանք տարբերակված են ըստ դասարանների և առարկաների։ Տեսադասերի մի մասը ապահովված է նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո նախագծի շրջանակում իրականացվել է կենտրոնացված հեռավար ուսուցում։ Անցնող երկու տարիներին հեռավար դասընթացներից օգտվել է ավելի քան 10.000 աշակերտ։

ԿՏԱԿ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը նշեց, որ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում կենտրոնացված հեռավար ուսուցումն իրականացվել է, հիմնականում, վեբինարների և էլեկտրոնային կրթական պաշարների միջոցով․

«Կենտրոնացված հեռավար կրթության հիմնական նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների կրթության շարունակականություն ապահովելն էր՝ էլեկտրոնային դասավանդման միջոցով»,– նշեց ՀՈՒԿ բաժնի ղեկավարը։

Օգտագործելով ծրագրի ներուժը և էլեկտրոնային ուսուցման փորձառությունը՝ 2021 թ․–ին ԿՏԱԿ–ը մեկնարկել է նաև  «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստված 17 մենթոր դպրոցներ հեռավար ուսուցում են իրականացրել 62 դպրոցներում, որտեղ այս կամ այն առարկան չի դասավանդվել՝ ուսուցչի բացակայության պատճառով։