Օրերս Գյումրիում տեղի ունեցան Իթվինինգ Հայաստան ծրագրի եռօրյա վերապատրաստումները։ Դասընթացներին մասնակցում էին Երևանի և մարզերի ուսուցիչներ, ովքեր երեք օրերի ընթացքում մասնակցեցին տարբեր քննարկումների և ակտիվացնող ծրագրերի։
Իթվինինգ Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանը նախ ամփոփ ներկայացրեց Իթվինինգ Հայաստան ծրագրի 10–ամյա գործունեության արդյուքները, իրականացված միջոցառումները, ծրագրի խնդիրներն ու նպատակները, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել։
Ծրագրի մասնակիցներին ներկայացվեցին դպրոցներում և ընդհանրապես կրթական համակարգում ՏՀՏ տարբեր գործիքների կիրառման օրինակներ, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված տարբեր մոտեցումներ, օրինակ՝ ակտիվացնող խաղերը՝ դասապրոցեսի ընթացքում կամ դասալսումների ճիշտ կազմակերպման ձևերը։ Հատուկ անդրադարձ եղավ մեդիագրագիտությանը և ապատեղեկատվական տարբեր հոսքերին։
Եռօրյա վերապատրաստման դասընթացներն ամփոփվեցին մասնակիցների կողմից համատեղ նախագծերի ստեղծմամբ և ներկայացմամբ։
Նշենք, որ 2013 թ․–ին Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։
Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում որպես աջակցող կազմակերպություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
2013թ․ մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգ Հայաստան ծրագրով միասնական կրթական համայնքում ներառվել են Հայաստանի շուրջ 680 դպրոց և շուրջ 2000 ուսուցիչ (նախկին Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը կոչվում է Իթվինինգպլյուս)։
2013 թ․ մինչ այժմ ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
Առավել փորձառու և հաջողություններ արձանագրած ուսուցիչներից ընտրվել են Իթվինինգի տարածաշրջանային դեսպաններ, որոնք, ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հետ համատեղ կազմակերպում և համակարգում են մարզերի աշխատանքները, ցուցաբերում աջակցություն ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցերում։ 2018թ․ դեսպանների ցանցն ընդլայնվել է և ներառում է 13 ուսուցիչներ։
Տարբեր միջազգային սեմինարների, կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների (այդ թվում և առցանց) մասնակցությունը մեր ուսուցիչներին հնարավորություն է տալիս զարգացնել ինչպես օտար լեզվի և ՏՀՏ իմացությունը, ստանալ մանկավարժական և մեթոդական գիտելիքներ, այնպես էլ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, տեղեկացված լինել նոր կրթական ծրագրերին և հնարավորություններին, լինել մանկավարժական զարգացման կիզակետում: