Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը։ Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ Պաշարների շտեմարանի նոր տարբերակն առավել արդիական է, ֆունկիցոնալ և հարմար օգտվողների համար։
Պաշարների շտեմարանի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։
«Կայքի քարտեզ» բաժինը կօգնի առավել արագ և հեշտ կողմնորոշվել՝ կայքից օգտվելիս։
Ստեղծված է նաև հետադարձ կապի հնարավորություն։
Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր և շուրջ 400 տեղադրված պաշար։
Ինչպես նախկին, այնպես էլ նոր կայքի պաշարները բաց են և ազատ հասանելի բոլոր այցելուներին՝ ցանկացած պաշարի էջ ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։
Սակայն նոր շտեմարանում պաշարներ տեղադրելու, ինչպես նաև, առկա պաշարները գնահատելու և մեկնաբանելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել, անգամ, եթե Պաշարների շտեմարանի նախորդ տարբերակի ակտիվ օգտատեր եք եղել։ Եթե կարծում եք, որ նախորդ շտեմարանում Ձեր կողմից տեղադրված պաշարները կարևոր են և չեն կորցրել իրենց արդիականությունը, ապա կարող եք դրանք տեղափոխել նոր կայք։
Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը և դրանում առկա բոլոր պաշարները շարունակելու են հասանելի լինել, սակայն այն փակ կլինի նոր գրանցումների և պաշարների տեղադրման համար։ Նախորդ 10 տարիների ընթացքում Պաշարների շտեմարանն ունեցել է 9592 գրանցված օգտատեր, ովքեր կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար։