Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ 2015 թվականի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգի արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, մարզային կրթության վարչությունների պետեր, դպրոցների տնօրեններ և կրթական համակարգի ներկայացուցիչներ:
ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման համար 2013թ-ից․սկսվել և շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որը նպաստելու է շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:
2013թ. մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների Վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թվականին իրականացված փորձարկման և դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում:
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները, դպրոցները բաժանվել են խմբերի` հետևյալ չափանիշներով.
ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության - պետական և ոչ պետական
բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման - քաղաքային և գյուղական
գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)- տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան:
դ/ ըստ սովորողների թվի - մեծ, միջին և փոքր:
ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով:
Վարկանիշավորման արդյունքերը կներկայացվեն պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:
Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես կներկայացվեն արդեն գործող առանձին http://schoolrate.armedu.am ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով: