Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով

Ապրիլի 7, 2022
Նորություններ

Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն էին այցելել ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը:

Այցի նպատակն էր քննարկել երկու կառույցների միջև համագործացկության հեռանկարները և նախանշել կոնկրետ փոխգործակցության ոլորտները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ինտեգրման, ՏՀՏ բովանդակության և համատեղ վերապատրաստումների կազմակերպման գործնական քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  նաև ՀՊՄՀ-ն ներառել Իթվինինգ Պլյուս եվրոպական ծրագրին, որի մասնակից ԵՄ հարևան երկրների դպրոցների աշխատակազմին  հարթակ է տրամադրվում, որտեղ նրանք կարող են հաղորդակցվել, համագործակցել, նախագծեր մշակել, փոխանակվել համատեղ նախագծերով, լինել ամենահետաքրքիր կրթական համայնքի մի մասը:  

ՀՊՄՀ-ն և ԿՏԱԿ-ը համատեղ մշակելու են էլեկտրոնային դասավանդման դասընթաց, որը հետագայում կներդրվի համալսարանում որպես առանձին կամընտրական առարկա, իսկ աշխատանքային խումբը ձևավորվելու է ՀՊՄՀ-ի և ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման բաժնի աշխատակիցներից։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Խ. Աբովյանի անվան հայկական   պետական մանկավարժական համալսարանի N 57 հիմնական դպրոցը և հենակետային վարժարանն առաջիկայում ակտիվ կներգրավվեն «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրում և հեռավար դասավանդման վերաբերյալ համապատասխան մոդուլների մշակմանը: