Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է վերապատրաստումներ իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործածության և նոր գործիքների կիրառության վերաբերյալ։ Օրերս ԿՏԱԿ Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի աշխատակիցներն այցելել էին Արարատի մարզ՝ տարածաշրջանի 107 դպրոցների շուրջ 215 տնօրենների և օպերատորների համար դասընթաց իրականացնելու։
«Չնայած, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ և դասընթացներ ենք իրականացրել նախորդ տարիներին, մինչ օրս էլ ստանում ենք արձագանքներ, որոնցից պարզ է դառնում, որ համակարգից օգտվող մեր գործընկերները դեռ դրանց կարիքն ունեն։ Դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ համակարգը կատարելագործվում է և ավելանում են նոր գործիքներ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգի որոշ բաղադրիչներ լրացվում են բարեխղճորեն և ամբողջությամբ, մինչդեռ մյուսները, ինչպես օրինակ «Դպրոց» բաժինը, դուրս են մնում օգտագործողների ուշադրությունից։ Սա, իհարկե, խնդիրներ է ստեղծում համակարգի և դրա միջոցով ստացվող տվյալների ամբողջականության ապահովման տեսանկյունից»,– ասում է Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը։
Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ շարունակական վերապատրաստումների և տեղերում ծագած հարցերի քննարկումների արդյունքում համակարգից օգտվողների մոտ զգալիորեն պակասում են տեխնիկական հարցերը, որոնց նրանք հանդիպում են իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում։
Հանդիպումների ընթացքում Արարատի մարզի դպրոցների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև ԿՏԱԿ–ի նոր նախագիծը՝ Աջակցություն կայքը՝ https://support.emis.am/, որը նախատեսված է համակարգից օգտվողների համար, և պարունակում է բոլոր անհրաժեշտ ուղեցույցները և պատասխանները։ Կայքի բովանդակությունը ստեղծվում է դպրոցների հետ հետադարձ կապի արդյունքում, նրանց կողմից մատնանշվող խնդիրները կամ առաջարկները հաշվի առնելով․
«Բացի այդ, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի յուրաքանչյուր օգտագործող կարող է կազմել որևէ օգտակար նյութ, որի կարիքը տեսնում է, ուղարկել մեզ, և մենք այն կտեղադրենք ՝ https://support.emis.am/ կայքում։ Կայքի հիմնական նպատակը դպրոցների հետ համագործակցությամբ՝ պաշարների շտեմարան ստեղծելն է, որը կօգնի սկսնակ և փորձառու օգտագործողին՝ առավել հեշտ կազմակերպել աշխատանքը համակարգում»,– ասում է Սյուզի Մաշուրյանը։
Առաջիկայում վերապատրաստումները կշարունակվեն։