Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, եռօրյա վերապատրաստման դասընթաց էր կազմակերպել «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրում որպես մենթոր ընդգրկված 17 դպրոցների ներկայացուցիչների համար։ Վերապատրաստման դասընթացի նպատակը էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափանիշներն ու ընթացակարգերը ներկայացնելն էր, ինչպես նաև՝ մենթոր դպրոցների կարողությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու մենթոր դպրոցների համայնքի ձևավորումը։ Ակնկալվում է, որ դասընթացի արդյունքում ձեռքբերված գիտելիքները և հմտությունները թույլ կտան որակի ապահովման այս գործիքակազմի ներդնումն ու կիրառումը համակարգային դարձնել։
Նշենք, որ վերապատրաստման այս դասընթացին մասնակցում էին 2021 թ․–ի սեպտեմբերից մենթորական աշխատանք իրականացնուղ 17 դպրոցների ուսուցիչներ, փոխտնօրեններ և տնօրեններ։
Կարևորելով էլեկտրոնային ուսուցման դերը՝ երեխաների կրթության շարունակականության ապահովման գործում, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցներին, որոնք ներգրավվել են ծրագրում՝ որպես մենթոր, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարության վերջնական նպատակը բոլոր դպրոցներում ուսուցիչների ֆիզիկական ներկայությունն ապահովելն է․
«Կարևորելով այս ծրագիրն ու ջանքը, որ գործադրում է այս գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք, մենք, այնուամենայնիվ, պետք է կանգ չառնենք՝ կարծելով, թե մեր բոլոր խնդիրներն այսքանով կարող ենք լուծված համարել։ Մենք մեր խնդիրները կարող ենք լուծված համարել միայն ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված մեր քաղաքականությունները կյանքի կոչելով։ Մենք պետք է անենք հնարավորը՝ երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը ցանկալի կենսագիծ դարձնելու համար։ Դրանից հետո մենթոր դպրոցներն իրենց գործունեությունը կկարողանան շարունակել իբրև մեթոդական խորհրդատվության, վերապատրաստումների, կրթության որակի ամրապնդմանն ուղղված գործողություններ իրականացնող դպրոցներ, բայց այդ աջակցությունն ուղղված կլինի ուսուցիչներին, ովքեր դպրոցներում կապահովեն մեր երեխաների կրթությունը։ Դրան հասնելու առաջին նախապայմանը ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավումն է՝ այդ թվում վարձատրության համակարգի և երաշխիքների ամբողջական փաթեթի տրամադրման տեսքով։ Մենք համոզված ենք, որ հանրակրթությունը չի կարող իրականացվել հեռավար եղանակով, բայց էլեկտրոնային ուսուցումը կարող է դառնալ շատ կարևոր օժանդակ գործիք՝ ուսուցման արդյունավետության բարձրացման և սովորողների հետաքրքրությունները խթանելու համար»,– նշեց փոխնախարարը։
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս կարևորեց կրթական համակարգի թվայնացման ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և նշեց, որ դա մարտահրավեր է ողջ աշխարհի համար․
«ՅՈՒՆԻՍԵՖ–ը կարևորում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի e-school Armenia նախագծի աշխատանքը, որը մեր կազմակերպության աջակցությամբ մեկնարկեց 2020 թ․–ին և հաջողությամբ գործում է մինչ օրս՝ ընդլայնելով իր գործունեությունը։ Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում դեռ համավարակից առաջ շատ էին խոսում կրթական համակարգերի արդիականացման անհրաժեշտության մասին։ Կովիդի 19 համավարակը կրթական համակարգի համար ևս մեկ ճգնաժամ էր, որի հաղթահարման համար կարևոր էր էլեկտրոնային ուսուցման ժամանակակից գործիքների կիրառումը։ Այս իմաստով համավարակը ոչ միայն ճգնաժամ ստեղծեց, այլև հնարավորություններ՝ առավել արդիական լուծումներ գտնելու համար։ Շատ ուրախ եմ, որ մենթոր դպրոցները հստակ գիտակցում են իրենց կարևորությունն այս գործընթացում»,– ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի ներկայացուցչի տեղակալը։
ԿՏԱԿ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանի խոսքով՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագիրը գործարկվել է՝ հիմքում ունենալով 2020 թ․–ից հեռավար կրթության ոլորտում կառույցի ունեցած փորձառությունը, որը ծրագրի արդյունավետ իրականացման գրավական է դարձել․
«Այս ծրագրի տեսլականը յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումն է։ Մեր հիմնական նպատակը մարզային դպրոցներում սովորողների կրթության շարունակականությունն ապահովելն էր։ Այսօր արդեն մեր մենթորական ցանցում կա 17 դպրոց՝ 130 մենթոր ուսուցիչներով։ Միակ մարզը, որտեղ մենք պատվիրատու դպրոցներ չունենք, Տավուշի մարզն է։ Մյուս բոլոր դպրոցներում այս պահին մասնագետների լուրջ կարիք կա՝ շուրջ 120 մասնագետի։ Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտները տեխնիկական բնույթ են կրում՝ կապված ինտերնետ կապի որակի կամ համապատասխան տեխնիկական միջոցների պակասի հետ։ Այս հարցերը ևս մեր ուշադրության կենտրոնում են»,– նշեց Ռ․ Ավետյանը։
Միջոցառման ավարտին մենթոր դպրոցներին և ուսուցիչներին խրախուսական նվերներ հանձնվեցին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի կողմից։
Հիշեցնենք, որ «E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․–ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի շրջանակում։
2021 թ․–ի օգոստոսին վերապատրաստումներ են իրականացվել ծրագրում որպես մենթոր ընդգրկվելու պատրաստակամություն հայտնած 17 դպրոցների ներկայացուցիչների համար, որոնք այս պահին էլեկտրոնային ուսուցում են ապահովում 59 մարզային դպրոցների համար, որտեղ այս կամ այն առարկան չի դասավանդվել՝ ուսուցչի բացակայության պատճառով՝ կրթության շարունակականություն ապահովելով ավելի քան 3500 աշակերտների համար։
2022 թ․–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարել է նոր մրցույթ՝ մենթորական ցանցի ընդլայնման համար, որի արդյունքները կամփոփվեն մինչև նոր ուսումնական տարին։ Ակնկալվում է, որ մենթոր դպրոցների թիվը կարող է ավելանալ՝ հասնելով 25–ի՝ ծրագրի պահանջարկով պայմանավորված։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի իրականացվող մշտադիտարկման արդյունքում արդեն գործող մենթոր դպրոցները, որոնք չեն համապատասխանի սահմանված որակի չափանիշներին, կփոխարինվեն այլ դպրոցներով։