Կարևորելով յուրաքանչյուր երեխայի կրթության շարունակականությունը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոնը էլեկտրոնային ուսուցում է իրականացնում բոլոր այն երեխաների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրացնել կրթության իրենց իրավունքը առկա ուսուցման միջոցով։
Հեռավար կրթություն կազմակերպվում է այն դեպքերում, երբ երեխայի համար դպրոց հաճախելն անհնարին է դարձել որևէ արտակարգ կամ ֆորսմաժորային իրավիճակների պատճառով՝ օրինակ եղանակային անբարենպաստ պայմանների, սուր վարակիչ հիվանդությունների տարածման կամ տարերային աղետների։ Բացի այդ, եթե երեխան ունի երկարատև բուժման կարիք, կամ, եթե երկրից հաճախակի է բացակայում՝ առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակցելու պատճառով։
Էլեկտրոնային ուսուցումը նախատեսված է նաև այն աշակերտների համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
Եթե երեխայի ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն անցել են դիվանագիտական աշխատանքի, երեխայի համար հեռավար դասընթացներ են կազմակերպվում՝ առավելագույնը 1 կիսամյակ։ Ծնողների հետ ժամանակավորապես օտարերկրյա պետությունում գտնվող երեխաների համար կազմակերպվող սուսուցման տևողությունը չի կարող գերազանցել 20 օրը, եթե նրա կրթության իրավունքը չի իրացվում տվյալ երկրում։
Հեռավար ուսուցման համար կարող են դիմել նաև Սփյուռքում բնակվող ընտանիքների երեխաները, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրերը՝ հետագայում Հայաստանում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:
Նշենք, որ ԿՏԱԿ–ի E-school Armenia նախագիծը, որի միջոցով իրականացվում է էլեկտրոնային ուսուցման ծրագիրը, մեկնարկել է 2020 թ․–ի մարտից։ Մինչ օրս, ծրագրի միջոցով հեռավար կրթություն է ստացել ավելի քան 7700 երեխա։
Երեխայի էլեկտրոնային ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է դիմել ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման կենտրոն՝ info@e-school.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 00374 10 57 84 55 /ներքին համար՝ 333, 301/: