ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարին

Նոյեմբերի 1, 2021
Նորություններ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:

«ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարում ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենները, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու ուսուցիչներ:

Համաժողովը բացվել է լիագումար նիստով, որին ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ երկրների միջև կրթական համագործակցությանը՝ նշելով, որ կրթական կապերը կառուցվում են գլոբալացման համատեքստում և առավել հաճախ ոչ ֆորմալ են՝ հիմնված մշակութային, պատմական արմատների և փիլիսոփայական, հոգևոր ու սոցիալական սկզբունքների վրա։

Համագումարի շրջանակում տեղի են ունեցել նաև թեմատիկ նիստեր, պանելային քննարկումներ և կլոր սեղաններ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտում հումանիտար համագործակցության ամրապնդման և զարգացման արդիական խնդիրներին: Դրանք ներառել են կրթության մատչելիության և որակի ապահովման, ուսուցիչների ժամանակակից վերապատրաստման, ուսուցիչների և ուսանողների շարժունության բարձրացման հարցերը, մասնավորապես՝ կրթական կազմակերպությունների միջև գործընկերության զարգացման և նորարարական մոտեցումների միջոցով: Քննարկման հիմնական խնդիրներից է եղել կրթության թվայնացումը, ինչը թույլ կտա նոր տեխնոլոգիական մակարդակով ավելի շատ համատեղ ինտեգրացիոն նախագծեր իրականացնել։

«Ուսուցչի մասնագիտական ​​չափանիշների և ԱՊՀ երկրների կրթական կազմակերպություններում դաստիարակչական աշխատանքների նորարարական մոտեցումները» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ-ից ելույթ է ունեցել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, իսկ «Միջազգային հումանիտար համագործակցության ամրապնդման նպատակով ԱՊՀ անդամ երկրների կրթական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների ակտիվացում և զարգացում» թեմայով պանելային քննարկմանը՝ ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի պետ Հայկ Դավեյանը։

Համագումարի շրջանակում անցկացվել է նաև Մանկավարժական հմտությունների 1-ին միջազգային փառատոնը։ Փառատոնի տարբեր անվանակարգերում, ԱՊՀ անդամ երկրների լավագույն ուսուցիչների ու մանկավարժների թվում, դիպլոմների, պատվոգրերի և «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանի են արժանացել նաև մեր ուսուցիչներն ու մանկավարժները։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայք