ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացների շարքը։ Հերթական՝ երրորդ արագացված դասընթացին մասնակցելու համար ըդգրկվել (գրանցվել) են ավելի քան 500 ուսուցիչներ, ովքեր, ըստ լրացված հայտերի, մինչ այժմ որևէ նման դասընթացի չեն մասնակցել։
Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություններ, կմշակեն առարկայական դասընթացի նախագծեր, իսկ հետագայում կկարողանան ստեղծել և վարել մասնագիտական հեռավար դասընթացներ:
Գրանցված բոլոր մասնակիցներին դասընթացավարներն ուղարկել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները։
Այս դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի է դասընթացի բովանդակությունը։
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացները կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։