Ապրիլի 20–ին «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների համար մեկնարկել է «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով, երեք շաբաթ տևողությամբ հեռավար դասընթացը (20.04.2020-09.05.2020)։ ՀՀ–ում արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար ձևով կազմակերպման համար կարևոր այս դասընթացը վարում է Արագածոտնի մարզիի Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։
Հեռավար դասընթացի նպատակն առցանց գործիքների կիրառման միջոցով գիտելիքների ստուգման ու գնահատման գործընթացն առավել դյուրին դարձնել է:
Ինչպես նշում է Վ․ Հովհաննիսյանը․ «ՏՀՏ գործիքների միջոցով գիտելիքների ստուգման և գնահատման առցանց հնարավորությունները, կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից, ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր և արդյունավետ, ինչն էլ կխթանի դասավանդողների և սովորողների համատեղ գործունեության արդյունավետ զարգացմանը»:
Դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած 250–ից ավելի մասնագետներից ընդգրկվել են 105 ուսուցիչներ, որոնց դասընթացավարը գրանցել է համակարգում և էլեկտրոնային փոստով տեղեկացրել դասընթացի մեկնարկի մասին։
Հայտնում ենք, որ դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով հեռավար դասընթացի բովանդակությունն առաջիկայում բաց և հասանելի կլինի «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/)։