«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ) և «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամը մարտի 10-ին ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց առանձնահատկություններից և կարիքից բխող կրթական իրավունքի ամբողջական իրականացմանը։
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը և «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Դավեյանը ներկայացրին կառույցների առաքելությունը, գործունեությունը և աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Ավագյանը ողջունեց հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթական խնդիրների լուծման գործում այս համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգը» (ԿԱՊԳԱՀ), որը հնարավորություն է տալիս համակարգել ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԲՍՓ գործակալության և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջև տվյալների փոխանակման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ հետագա աշխատանքները։