ՀՀ բուհերի և հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպվել են աշխատաժողովներ

Մայիսի 23, 2016
Նորություններ

Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով մայիսի 19-20 կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ծավալված թեժ և շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնավորապես, առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում լրամշակել մեթոդաբանությունը, փոփոխության ենթարկել որոշակի ցուցանիշներ, ուշադրություն դարձնել վարկանիշավորման մի շարք չափորոշիչների նպատակահարմարությանը, դրանց կիրառությանն ու ձևակերպումներին: Բուհերի ներկայացուցիչները վստահեցրել են, որ աշխատանքային այս ձևաչափը շատ արդյունավետ է ու էական նշանակություն կունենա վարկանիշավորման գործընթացի բարելավման և դրա նկատմամբ վստահության բարձրացման համար:
Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:

 

Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մայիսի 17-18-ին կազմակերպեց երկօրյա աշխատաժողով՝ Կրթության և գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենների և մարզերի հանրակրթության վարչության պետերի մասնակցությամբ: 

Աշխատաժողովի քննարկումների ամփոփման արդյունքում ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգի լրամշակման վերաբերյալ, մասնավորապես առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում մեծացնել ուսուցիչների որակական գնահատականի բաղադրիչը, իրավական անհամապատասխանությունները վերացնելու, օլիմպիադայի մասնակցության բաղադրիչների միավորները վերանայելու, դպրոցներում աշակերտների և մանկավարժների շարժը հաշվի առնելու, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը: