Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն հունվարի 14-ին այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։
Դպրոցի տնօրեն Ա․Սահակյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն ու Ս․ Գևորգյանը քննարկվեցին գործընթացի կազմակերպչական հարցերը, իսկ աշակերտների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին վիրտուալ հարթակը, ծանոթացրեցին հեռավար ուսուցման համակարգից օգտվելու հմտություններին, յուրաքանչյուր սովորողին տրամադրեցին ուսումնական հարթակ մուտք գործելու և համակարգից օգտվելու հնարավորություն։
Քիմիա առարկայի դասընթացավար Նելլի Ստեփանյանը բոլոր դասարանների համար ստեղծել և համակարգում տեղադրել է առարկայի գիտելիքների ստուգման հարցաշարեր, որոնց արդյունքը հաշվի կառնվի հեռավար դասաընթացի մշակման և վարման ընթացքում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն», որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացների իրականացումն է։
Ընտրված դասընթացավարները, հեռավար դասընթացները կկառուցեն ուսումնական ծրագրերին ու առարկայական չափորոշիչներին համապատասխան և կվարեն ՀՈւԿ-ի աշխատակիցների աջակցությամբ։
Որպես աշխատանքային միջավայր կօգտագործվի «Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգը (https://elearning.armedu.am/)։
Որպես կրթական բովանդակություն դասընթացավարներն, իրենց մշակումներին զուգահեռ, կարող են օգտագործել նաև «Ինտերակտիվ ուսուցում» կայքի (http://esource.armedu.am/) ուսումնական պաշարները (ընտրված առարկաների բոլոր դասարանների համար կայքը պարունակում է տեսական մաս, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրական նյութեր)։