Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ֆիզիկա առարկայի կիսամյակային ամփոփիչ աշխատանքը՝ հեռավար ձևով։ Դասընթացավար Սիլվա Գրիգորյանը բոլոր դասարանների համար կազմել էր չափորոշիչներին համապատասխանող հարցաշարեր և նախօրոք, փակ ձևով, տեղադրել «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am)։ Հաշվի առնելով դպրոցի համակարգչային սենյակի հնարավորությունները (համացանցին միացած են 5 համակարգիչ), կիսամյակային ամփոփիչ աշխատանքն անցկացվեց երեք խմբով, ամեն խմբում առավելագույնը՝ 4 աշակերտ, ընդ որում՝ տարբեր դասարաններից։ Յուրաքանչյուր աշակերտ, համակարգ մուտք գործելուց հետո կատարում էր իր համար նախատեսված առաջադրանքները՝ թույլատրված 40 րոպեի ընթացքում։ Դպրոցում ամբողջ գործընթացը կազմակերպում էր հեռավար ուսուցման պատասխանատուն՝ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սուսաննա Քեշիշյանը։
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ընթացքին հետևում էին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման պատասխանատուները։ ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետ Սոնա Գևորգյանը, ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից, առցանց իրականացնում էր համակարգի անհրաժեշտ ընթացիկ կարգաբերումները՝ հետևելով աշակերտների մուտքին, աշխատաժամանակին (ճիշտ ժամին բացելով նախատեսված հարցաշարը)։ Ավարտից հետո դուրս բերվեցին աշակերտների աշխատանքների անհատական հաշվետվությունները, արձանագրած արդյունքները և էլեկտրոնային տարբերակով ուղարկվեց դպրոց։
Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարաններում Ֆիզիակայի ամփոփիչ հեռավար ստուգումն անցավ նախապես մշակված աշխատակարգով։ Նախատեսվել է ԿՏԱԿ-ի, դպրոցի ներկայացուցիչների և դասընթացավարի մասնակցությամբ առաջիկա օրերին անցկացնել հանդիպում, քննարկել հեռավար ձևով ուսուցման ընթացքը, արդյունավետությունը և գործընթացի զարգացման հարցերը։