Նոյեմբերի 29-ին ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից առցանց տեսադաս կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ովքեր այս ուսումնական տարում Ֆիզիկա առարկան սկսել են ուսումնասիրել հեռավար ձևով։
Հանդիպման սկզբում դպրոցի հեռավար ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը ողջունեց իր սաներին, համառոտ ներկայացրեց դասի նպատակն ու խնդիրները։ Այնուհետև, հետաքրքիր հարցադրումներ միջոցով պարզեց աշակերտների՝ «Հեռավար ուսուցում» հարթակում (https://elearning.armedu.am/)՝ ֆիզիկա առարկայից ձեռք բերված գիտելիքների և գործնական հմտությունների յուրացման արդյունքը, ինտերակտիվ նյութերի և հետաքրքիր մեթոդների կիրառման միջոցով ամփոփեց ուսումնասիրված թեմաները։
Դասին մասնակցում էին դպրոցի յոթերորդից տասներկուերորդ դասարանների բոլոր տասնմեկ աշակերտները, ովքեր մեծ հետաքրքրությամբ ու ոգևորված մասնակցեցին դեմառդեմ հանդիպմանը, ակտիվորեն պատասխանեցին հարցերին, կատարեցին առաջադրանքները։ Երկու դասաժամ տևողությամբ ամփոփման առցանց դասի հիմնական մասն ուղիղ հեռարցակվեց ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ktak.ncet/videos/562852191157218/։
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ա․Ազարյանը, հեռավար ուսուցման պատասխանատու Ս․Քեշիշյանը, տարբեր առարկաների ուսուցիչներ։ ԿՏԱԿ-ում դասին հետևում էին և տեխնիկական սարքավորումների աշխատանքը կազմակերպում տնօրենի տեղակալ Ա․Կուլախսզյանը, հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․Ավետիսյանը, Ս․Գևորգյանը և ՏՀՏ բովանդակության ու հեռավար ուսուցման բաժնի մյուս մասնագետները։
Առցանց հանդիպման վերջում երկու կողմերի պատասխանատուներն էլ հավաստեցին, որ նման դեմառդեմ հանդիպումներն անհրաժեշտ են ուսումնական հեռավար գործընթացի համար և որոշեցին առաջիկա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել ուսումնական առարկաների հեռավար ուսուցման զարգացմանը վերաբերվող խնդիրները։