Այց Արցախի Հանրապետություն
Նոյեմբերի 25, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները նոյեմբերի 11-ից 21-ը ներառյալ (11 օր) գործուղվել էին Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքային խումբը եղավ Արցախի չորս շրջանների թվով 30 բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում․ համայնքներ դպրոցներում թարմացվեց համակարգիչների ծրագրային ապահովումը և վերացվեցին տեղային ցանցերի և համակարգչային սարքավորումների տեխնիկական անսարքությունները, իսկ Ստեփանակերտում աշխատանքներ իրականացվեցին ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԱՀ ԿԳՍ) նախարարությունում։
ԿՏԱԿ-ի աշխատակիցների այս այցի աշխարհագրությունն ընդգրկել է Արցախի՝
- Քաշաթաղի շրջանի 15 բնակավայր․
Վակունիս, Աղանուս, Ծաղկաբերդ, Մարտունաշեն, Վուրգավան, Սարատակ, Տիգրանավան, Այգեհովիտ, Գետամեջ, Իշխանաձոր, Արծվաշեն, Աղաձոր, Քարոտան, Փակահան, Երիցվանք
- Շահումյանի շրջանի 7 բնակավայր․
Քարվաճառ քաղաք, Չարեքտար, Դադիվանք, Նոր Էրքեջ, Եղեգնուտ, Նոր Բրաջուր և Կարաչինար գյուղեր
- Հադրութ շրջանի 5 բնակավայր․
Հադրութ քաղաք,Դրախտիկ, Ազոխ, Մեծ Թաղեր և Այգեստան գյուղեր
- Ասկերանի շրջանի 3 բնակավայր․
Նորագյուղ, Իվանյան և Ավետարանոց գյուղեր։
Գործուղումն իրականացվել է նոյեմբերի 4-ին Արցախում ԱՀ ԿԳՍ նախարարի և ԿՏԱԿ-ի ղեկավարության հանդիպման ընթացքում՝ ՏՀՏ ներդրման շարունակականության ապահովման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որի համաձայն կշարունակվի համագործակցությունը և կիրականացվեն աշխատանքներ հետևյալ հիմնական ուղղություններով․
- դպրոցների համակարգչային դասարանների և տեղային ցանցերի ծրագրային ապահովման թարմացում և տեխնիկական սպասարկում,
- ՇԻՀԿ-ի դասընթացների և վերապատրաստումների իրականացում,
- Կրթական համակարգի շահառուների լայն ներգրավում «Հայկական կրթական միջավայրի» (https://www.armedu.am/) և ենթակայքերի աշխատանքում,
- ըստ անհրաժեշտության, հանրակրթության ոլորտում ՏՀՏ ներդրման տարբեր հարցերի նվիրված սեմինարների և խորհրդակցությունների վարում,
- Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգերի տեղայնացում և փորձնական ներդրում։