Հեռավար ուսուցման մեկնարկը Սիսավանի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 22, 2019
Նորություններ

Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու  նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։

Դպրոցի տնօրեն Ն․ Գալստյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն ու Ս․ Գևորգյանը քննարկվեցին գործընթացի կազմակերպչական հարցերը, իսկ աշակերտների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին վիրտուալ հարթակը, ծանոթացրեցին հեռավար ուսուցման համակարգից օգտվելու հմտություններին, յուրաքանչյուր սովորողին տրամադրեցին ուսումնական հարթակ մուտք գործելու և համակարգից օգտվելու հնարավորություն։ Այնուհետև քիմիա առարկայի դասընթացավար Հռիփսիմե Ավետիսյանն իր նոր սաներին բացատրեց դասընթացի կառուցվածքը, առաջին թեմայի բովանդակությունն ու աշխատելու սկզբունքը։

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն», որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացների իրականացումն է։

Ընտրված դասընթացավարները, հեռավար դասընթացները կկառուցեն ուսումնական ծրագրերին ու առարկայական չափորոշիչներին համապատասխան և կվարեն ՀՈւԿ-ի աշխատակիցների աջակցությամբ։

Որպես աշխատանքային միջավայր կօգտագործվի «Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգը (https://elearning.armedu.am/

Որպես կրթական բովանդակություն դասընթացավարներն, իրենց մշակումներին զուգահեռ, կարող են օգտագործել նաև «Ինտերակտիվ ուսուցում» կայքի (http://esource.armedu.am/) ուսումնական պաշարները (ընտրված առարկաների բոլոր դասարանների համար կայքը պարունակում է տեսական մաս, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրական նյութեր)։