Այս ուսումնական տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։
Աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու և փորձնական աշխատանքի մեկնարկը կազմակերպելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբն այցելեց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց, հանդիպեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի աշխատակազմի և սովորողների հետ։
ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա․ Կուլախսզյանը և դպրոցի տնօրեն Ա․ Ազարյանը քննարկեցին գործընթացի կազմակերպչական հարցերը։ Աշակերտների հետ հանդիպման ժամանակ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն ու Ս․ Գևորգյանը ներկայացրեցին աշխատանքի կազմակերպման ընթացքը, ծանոթացրեցին հեռավար ուսուցման համակարգից օգտվելու հմտություններին, յուրաքանչյուր սովորողին տրամադրվեց մուտքի հնարավորություն։ Այնուհետև դասընթացավար Սիլվա Գրիգորյանն իր նոր և ուշիմ սաների հետ զրուցեց բնագիտական տարբեր երևույթների մասին, նրանց սահուն կերպով առաջնորդեց հեռավար ուսուցման հարթակ՝ իր մշակած ինտերակտիվ նյութերի հետ ծանոթանալու և նրանց ձեռքբերած սկզբնական հմտությունները կիրառելու նպատակով։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն», որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացների իրականացումն է։
Ընտրված դասընթացավարները, հեռավար դասընթացները կկառուցեն ուսումնական ծրագրերին ու առարկայական չափորոշիչներին համապատասխան և կվարեն ՀՈւԿ-ի աշխատակիցների աջակցությամբ։
Որպես աշխատանքային միջավայր կօգտագործվի «Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգը (https://elearning.armedu.am/)։
Որպես կրթական բովանդակություն դասընթացավարներն, իրենց մշակումներին զուգահեռ, կարող են օգտագործել նաև «Ինտերակտիվ ուսուցում» կայքի (http://esource.armedu.am/) ուսումնական պաշարները (ընտրված առարկաների բոլոր դասարանների համար կայքը պարունակում է տեսական մաս, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրական նյութեր)։